6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված բազմաթիվ նախաձեռնություններում է ընդգրկված: Հաշված օրեր են մնացել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից իրականացվող և ցեղասպանության տարելիցին նվիրված համերգաշար-նախաձեռնության հաջորդ համերգին, որին ելույթներով հանդես կգան երեք աշխարհահռչակ մենակատարներ՝ մաեստրո Փեհլիվանյանի գլխավորությամբ:«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Ջորջ Փեհլիվանյանի հետ բրյուսելյան և հայաստանյան համերգների և այլ նախաձեռնությունների մասին:
-Մաեստրո, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 26-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ: Խնդրում ենք պատմեք այս համերգի մասին:
-Ապրիլի 26-ի համերգը տեղի կունենա խորհրդանշական ձևով Եվրոպայի ամենակարևոր քաղաքներից մեկում: Բրյուսելն այն վայրն է, որտեղ եվրոպական քաղաքական ղեկավարները հավաքվում են որոշելու իրենց ապագան: Այս հատուկ համերգը համախմբել է երաժշտական աշխարհի երեք անվանի մենակատարների (ջութակահար Մաքսիմ Վենգերով, թավջութակահար Միշա Մայսկի և շեփորահար Սերգեյ Նակարյակով-խմբ.), և ես Բելգիայի ազգային նվագախումբը ղեկավարելու պատիվն ունեմ. այն լավագույնն է երկրում: Այն փաստը, որ երեք անվանի ռուս մենակատարներ մասնակցում են մեր պատմության ամենատխուր օրերի զոհերին հիշատակելու և հարգելու համերգին, շատ բան է ասում մեր, ռուս և հրեա ժողովուրդների համերաշխության և եղբայրության մասին: Շատ մարդկանց կարծիքով ապրիլի 26-ի բրյուսելյան մեր համերգը կդառնա գլոբալ առումով 2015 թվականի ամենակարևոր իրադարձություններից: Մեծ տաղանդներ մեկ երեկոյի ընթացքում և մեկ բեմում, միջազգային ուղերձ ողջ աշխարհին, ոչ հայ համաշխարհային աստղեր՝ իմ և Բելգիայի ազգային նվագախմբի հետ:
-Այս համերգի ընթացքում տեղի կունենա երիտասարդ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի նոր ստեղծագործության պրեմիերան: Այն հատուկ գրվել է այս համերգի համար և նվիրված է ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գործը կոչվում է «DNA15-15»: Հավանո՞ւմ եք այս ստեղծագործությունը:
-Հայ երիտասարդ կոմպոզիտոր Իրադյանի գործը շատ լավ է գրված և ճիշտ ձևով է կազմված մեծ նվագախմբի համար: Բոլորս մաղթում ենք երիտասարդ կոմպոզիտորին մեծ հաջողություն և ստեղծագործական գործունեության երկար տարիներ:
-Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դուք պատրաստվու՞մ եք գալ Հայաստան և լինել հայ ժողովրդի կողքին այդ խորհրդանշական օրը:
-Ապրիլի 24-ն ինձ համար մշտապես հատուկ օր է եղել, որովհետև իմ մայրիկի ծննդյան օրն է: Իմ քույրը ծնվել է ապրիլի 23-ին, իսկ ես՝ ապրիլի 20-ին: Մեր ամբողջ երաժշտական ընտանիքը մշտապես կապված է հայկական հոգով: Յուրաքանչյուր ապրիլի 24 մենք մեր համերգներով հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը: 2015-ը հատուկ տարի է և պատմական կարևոր ուղենիշ: Ես Հայաստան կգամ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի մասնակցելու, որը տեղի կունենա Երևանի օպերայի և բալետի թատրոնում ապրիլի 18-ին: Համերգի ընթացքում կներկայացվի Վաչե Շարաֆյանի նոր ստեղծագործությունը՝ մանկական երգչախմբի և համույթի համար, որը կկատարեն «Այբ» դպրոցի և Հայաստանում ֆրանսիական միջազգային դպրոցի սաները: Հայաստանի ապագան երեխաներն են, ես որոշել եմ ոգեկոչել 100-ամյակը Երևանում մեր ապագայի և հույսի՝ երեխաների հետ:
-Ի՞նչ դաս պետք է քաղենք Հայոց ցեղասպանությունից, և 100-րդ տարելիցից հետո ինչպիսի՞ն պետք է լինեն հայ ժողովրդի քայլերը:
-Ի՞նչ դաս պետք է քաղվի ցանկացած ցեղասպանությունից: Ի՞նչ սովորեցին հրեաներն իրենց Հոլոքոստից: Հայաստանյան ապագան միայն մի ճանապարհ ունի՝ միասնությունը: Միասնական մենք կանգուն ենք, բաժանված՝ ընկնում:
-Առաջիկայում ի՞նչ այլ ծրագրեր ունեք, ի՞նչ նոր նախագծեր:
-Ապրիլի 18-ի համերգից անմիջապես հետո ես մեկնում եմ Փարիզ, որտեղ ապրում եմ իմ կնոջ և երկու երեխաների հետ: Այնուհետև ես մեկնում եմ Բրյուսել՝ պատրաստվելու ապրիլի 26-ի համերգին: Ապա ես ապրիլի 27-ին թռչում եմ Վալենսիա՝ Valencia Symphony Orchestra-ի հետ պատրաստվելու ապրիլի 30-ի համերգին: Դրանից հետո սկսվում է իմ միջազգային երաժշտական փառատոնը Ֆրանսիայում: Ես այն նվիրել եմ ցեղասպանության տարելիցին և հրավիրել բազմաթիվ հայ արտիստների Երևանից և հայաստանյան մանկական երգչախումբ: Մեր վերջին համերգը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Grand Auditorium-ում: Ես կարծում եմ, որ հայկական ուղերձը կհասնի ամբողջ աշխարհին այս համերգների միջոցով: Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ ամսվա զբաղված գրաֆիկին:
Ամերիկահայ դիրիժոր ՋորջՓեհլիվանյաննավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանները՝ ստանալով ջութակահարի և դիրիժորի մասնագիտություններ: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի«ՊրոՄյուզիք»նվագախմբի կոնցերտմայստեր: 1991թ. սեպտեմբերին մասնակցել է Բեզանսոնի(Ֆրանսիա) դիրիժորների միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և միակ մրցանակին: Ֆրանսիական«Մոնդ», «Ֆիգարո» և այլ թերթերը նրա մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է,որին պետք է հետևել,նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»:
Հարցազրույցը՝ Ռոզա Գրիգորյանի