ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգն ապրիլի 13-ին կարճատև այցով ժամանել է Իսրայել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրանք Իսրայել են մեկնել Սուրբ Երկրում իրենց դստերը մկրտելու միակ նպատակով, ով հունիսին կդառնա երկու տարեկան:
Ynet կայքի տեղեկացմամբ՝ Նորթ Ուեսթի մկրտության համար ընտրվել է Երուսաղեմի պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց մայրավանքը, որը գտնվում է քաղաքի Հայոց թաղում: Բացի այդ, Քարդաշյանն ամուսնու հետ նախատեսել է այցելել Սուրբ Հարության տաճար և քրիստոնեական այլ տեսարժան վայրեր:
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին Քիմը թիկանպահների, լրագրողների և երկրպագուների ուղեկցությամբ շրջագայել է Երևանի արևոտ փողոցներում: Իսկ Իսրայելը նրան դիմավորել է անձրևային և ցուրտ եղանակով;
Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստանե հուշարձան և «Կասկադե համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Լույս ապրիլի 13-ի կեսգիշերին Երևանի կարապի լճի հարեևանությամբ կայացել է «Գրեմմի»-ի 21-ակի Քանյե Ուեսթի բացօթյա անվճար համերգը: