Իրան-Հայաստան բարեկամության խմբի անդամներն ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ
5 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում ողջ տարվա ընթացքում նախատեսվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացում: Դրանք կունենան քաղաքական, հասարակական ու մշակութային ուղղվածություն: Ապրիլին Իրանի Մեջլիսի երկու հայ պատգամավորները` Կարեն Խանլարյանը եւ Ռոբերտ Բեգլարյանը, ելույթներով կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԻԻՀ Մեջլիսում Հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն ասաց, որ հայ պատգամավորների ելույթին կհաջորդի նաեւ Մեջլիսում ասորի պատգամավորի հայտարարությունը: «Ավելի քան հարյուր նամակ է ուղարկվել Մեջլիսի պատգամավորներին, նրանց ներկայացվել է 1915թ. պատմությունն ու հորդորվել ուղերձներով հանդես գալ կամ հայտարարություն տարածել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Բազմաթիվ պատգամավորների արդեն հանդիպել ենք, եւ այժմ սպասում ենք, որ ստանանք նրանց ուղերձները: Նախատեսվում է անցկացնել հիշատակի միջոցառում, որին կմասնակցեն պարսիկ պատգամավորները: Պետք է փորձենք հանդիպել նաեւ պետական այրերին` հասկանալու, թե ինչ խոչընդոտներ կան Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- ասաց Ռոբերտ Բեգլարյանը:
Թեհրանում անցկացվելիք հիշատակի միջոցառումներին հրավերներ են ուղարկվել երկրի պետական բոլոր այրերին: Նրանց մասնակցության հարցը դեռեւս ճշտվում է, սակայն հայտնի է, որ ապրիլի 24-ին Իրան-Հայաստան բարեկամության խմբի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ: «Իրան-Հայաստան բարեկամության խումբը բաղկացած է 11 հոգուց: Հանդիպման ժամանակ խմբի նախագահն ու մի քանի պատգամավորներ խոստացան, որ ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ: Իսկ մայիսին արդեն Բարեկամության խումբն ամբողջ կազմով կգա Երեւան հայ խորհրդարանականների հետ հանդիպման համար»,- ասաց Բեգլարյանը:
Ապրիլի 21-27-ը թեհրանահայերը հռչակել են հիշատակի շաբաթ: Իրանի մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրում, աղոթք եւ քայլարշավ: Թեհրանահայերը կմասնակցեն «մեկ կաթիլ արյուն» ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նախաձեռնությանը, որն անցկացվում է բազմաթիվ երկրներում: Բացի այդ, մարտի վերջից ուղիղ մեկ ամիս Ազգային բուժարանում բոլոր հիվանդների այցելությունը կլինի անվճար: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Իրանի հանձնախմբի ղեկավար Արմենուշ Առաքելյանը շեշտում է, որ նախաձեռնությունը խորհրդանշական է` ի հիշատակ անմեղ զոհերի հայերը կյանք կպարգեւեն: Նախաձեռնությունից կարող են օգտվել բոլորը: Ըստ Առաքելյանի, միջոցառումը նաեւ ճանաչողական բնույթ է կրում, որպեսզի հասարակության լայն շերտերը նույնպես իմանան եւ մասնակիցը լինեն: Տարվա ընթացքում իրանահայ լեռնագնացներն էլ մտադիր են նվաճել աշխարհի ամենաբարձր հարյուր գագաթները: Իրանի բարձունքներն ու Կիլիմանջարոն արդեն նվաճված են: Նվաճված բարձունքներում Հայաստանի դրոշն է, Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկն ու «Հիշում եմ եւ պահանջում» պաստառը: Տարվա ընթացքում պարսկերեն կհրատարակվեն Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Այս ամենն արվում է ոչ միայն տարելիցին անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար, այլև տարբեր ուղիներով հող հարթելով Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
«Իրանը բարեկամ պետություն է եւ դրական է տրամադրված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ: Սակայն խորհրդարանի մակարդակով պաշտոնական հայտ երբեք չի ներկայացվել: Դա բխում է երկրի քաղաքականությունից եւ ունեցած պետական հարաբերություններից Թուրքիայի հետ: Ժողովրդի մակարդակով մարդիկ գիտեն ապրիլի 24-ի մասին, գիտեն, որ այդ օրը հայերը սգում են Հայոց ցեղասպանությունը: Իրանի կողմից պետական դիրքորոշումը մինչ օրս չի արվել, սակայն մենք շարունակում ենք աշխատանք իրականացնել նաեւ այս հարցի առնչությամբ, քանի որ մեր գլխավոր նպատակն այն է, որ Իրանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Արմենուշ Առաքելյանը:
Հասմիկ Հարությունյան