Հատուկ նախագծեր

«Ականատեսը». Խուրջինը փրկեց նրան. Ցեղասպանության 102-ամյա ականատեսի վերհուշն ու պատգամը

6 րոպեի ընթերցում

«Ականատեսը». Խուրջինը փրկեց նրան. Ցեղասպանության 102-ամյա ականատեսի վերհուշն ու պատգամը

Շուրջ երկու տարվա կենսագրություն ունեցող «Ականատեսը» հատուկ նախագիծը ընթերցողի դատին է ներկայացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Հայաստանի տարածքում բնակվող վերջին կենդանի վկաների հիշողությունները: Ականատես-վերապողների պատմությունների հետքերով «Արմենպրես»-ի ստեղծագործական խումբն այս անգամ այցելել էր Կոտայքի մարզ:

ՆԵՐՔԻՆ ՊՏՂՆԻ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղական հանդարտ առօրյան փոքր-ինչ խանգարելով՝ Ներքին Պտղնիում տեղաբնակներից գյուղի միակ ականատեսին գտնելու փորձերը ապադյուն չանցան: Մեր ստեղծագործական խումբն առաջին հայացքից անսովոր, բայց յուրահատուկ տան տարածքում էր, ուր ապրում է 1913 թվականին Իգդիրում ծնված Հերսիկ Մաթևոսյանը: 102 տարեկան կինը կրտսեր որդու՝ Արմենի հետ այստեղ է տեղափոխվել տասը տարի առաջ, մինչ այդ նրանք բնակվում էին Երևանում: «1915 թվականին կոտորածի ժամանակ մայրս ընդամենը երկու տարեկան էր, իրեն մտցրել են խուրջինը՝ էշի խուրջինը ու այդպես գաղթել են, ամենայն հավանականությամբ անցել են ոչ թե Արաքս գետով, այլ կամրջով»,-մոր պատումը մեզ է ներկայացնում Արմենը:

Հերսիկը Իգդիրից գաղթի ճանապարհին մոր՝ Տիգրանուհու և մեկ տարի իրենից փոքր եղբոր՝ Գուրգենի հետ էր: Արմենը չի բառառում, որ այլ բարեկամներ նույնպես ունեին, սակայն պապի մասին իրենց տեղեկություններ չեն փոխանցվել:

Պատմական տեղեկանք

Իգդիրը գյուղաքաղաք էր Սուրմալուի գավառում: Վարչական կենտրոն համարվող Իգդիրը գտնվում է Երևանից 40 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի աջափնյա մասում, հարթավայրում: 19-րդ դարի վերջին ուներ շուրջ 550 տուն հայ և 70 տուն թուրք: 20-րդ դարի սկզբին ավելի քան 10 հազար հայ բնակիչ: Հայերի մի մասի նախնիները այստեղ էին գաղթել Պարսկահայքի Խոյի և Սալմաստի շրջաններից 1829թ-ին: 1920 թ-ին թուրքերը գրավեցին Իգդիրը և 1921 թ-ին Կարսի պայմանագրով Սուրմալուի գավառի հետ միասին անցավ Թուրքիային:

Իգդիրում են ծնվել բազմաթիվ անվանի հայ մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, ազգային ազատագրական պայքարի գործիչներ, օրինակ` նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը, նշանավոր ակնաբույժ Հայկ Կանայանցը, Ազգային գրադարանի հիմնադիր Արդվար Կանայանը և գեներալ Դրաստամատ Կանայանը` Դրոն:

Գաղթի ճամփան Հերսիկ Մաթևոսյանի ընտանիքին հասցնում է Էջիածին, հետո Մասիսի շրջանի Արբաթ գյուղ: Մեր պատմության հերոսուհին Երևանում սկսում է դպրոց հաճախել, այնուհետև է բարձրագույն կրթություն է ստանում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Արմենը հպարտությամբ է նշում, որ ի տարբերություն շատ գաղթականների` մորը հաջողվել է բարձրագույն կրթություն ստանալ:

«Ինստիտուտն ավարտել է և ընդունվել աշխատանքի Օրջոնիկիձեի շրջանի ռայսովետում որպես գլխավոր ինժեներ: Մայրս կրթված կին է եղել, շատ աշխատասեր: Հաճախ տան շատ գործեր ուշ գիշերն է վեր կացել արել, ճաշ է եփել, հատակն է մաքրել»,- ասում է Արմենը:

Թեև բացի մոր՝ խուրջինի մեջ Արևելյան Հայաստան տեղափոխվելու պատկերավոր դրվագից իրեն շատ բան 1915 թվականի ճակատագրական իրադարձություններից հայտնի չէ, սակայն կեսկատակ-կեսլուրջ նշում է, որ գուցե գաղթի ճամփին հենց մայրն էլ խուրջինում բոլորից ազատ և ապահով է իրեն զգացել: Տարիներ անց Հերսիկն ամուսնանում է արմատներով Վանից Մանվելի հետ, ունենում երեք երեխա:

Պատմական հայրենիքից նրան շատ բան չի փոխանցվել, բայց Հերսիկն իր ձեռքով պատրաստել ու հայրենի եզերքի համն ու հոտն է փոխանցել «Իմամ-բայալդի» կերակրատեսակի միջոցով: Չնայած ծերությամբ պայմանավորված հիշողության և լսողության անկմանը` տարեց կինը, որդու վստահեցմամբ, մշտապես հետաքրքրվել է քաղաքականությամբ, ակտիվ հետևում է ներքաղաքական իրադարձությունների ընթացքին, ընդհուպ առ այսօր:

Տան բակում, ուր ծավալվեց մեր զրույցը, տանտերերից բացի էլի բնակիչներ կային: Հնդկական անունով հավատարիմ շանը՝ Զիտային, փոքր-ինչ խռպացած ձայնով արված նկատողություններն էին պարբերաբար ընդհատում Հերսիկի մտքերը, ինչպես նաև մեր՝ մարդկանց իր պատգամը փոխանցելու խնդրանքը:

«Պատերազմ բառը վերանա և գոյություն չունենա երբեք: Բոլոր պետությունները ի մի գան, որ աշխարհում խաղաղություն բառից բացի, ուրիշ ոչ մի բառ գոյություն չունենա: Այն եմ ուզում, որ երիտասարդները և մեր նման ծերերը չտեսնեն պատերազմ, միշտ լինի խաղաղություն ամբողջ աշխարհի վրա: Պետությունների ղեկավարները վերջապես հասկանան, որ աշխարհի հարստությունն ամենից առաջ երիտասարդությունն է, որ ստեղծում է բարիք աշխարհի վրա, մյուս բաները սուտ-սուտ բաներ են»,- խոսքն ավարտում է մեկ դարը բոլորած կինը:

Իրենց ապրուստը դժվարությամբ հոգացող այս ընտանիքում սոցիալական անզեն աչքով էլ տեսանելի խնդիրների մասին համեստորեն չբարձրաձայնեցին, սակայն ակնհայտն էր, որ նրանք ունեն բոլորիս կարիքը:

Լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 2013 թվականի ապրիլի 23-ի հանրության դատին հանձնեց «Ականատես»-ի առաջին պատմությունը:Նախագիծը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած, օր-օրի պակասող ականատես-վերապրողների արժեքավոր հուշերն ու պատմությունները:

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անի Նազարյանը

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում