ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նռնակի պայթյունից վնասվածքներ ստացած 4-ամյա Ելենա Դալլաքյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, դեռ մի քանի օր պետք է հետևել նրա վիճակին: «Ի սկզբանե երեխան ծայրահեղ ծանր վիճակում էր, այդ վիճակից դուրս է եկել, բայց տարբեր վտանգներ դեռ կան»,- հայտնեցին բաժանմունքից` հավելելով, որ երեխայի գիտակցությունը տեղում է:
Բժիշկներն ստիպված են եղել անդամահատել երեխայի ոտքը, քանի որ հակառակ պարագայում ինքնաթունավորման գործընթաց կսկսվեր, ինչը կտաներ մահվան:
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԵրևանիՄ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանը, ով խորհրդատվություն է տրամադրել վիրահատող բժիշկներին: «Գիշերն իմ աշակերտներն էին վիրահատել երեխային, ես ներկա չեմ եղել, սխալմամբ ասել են, որ իմ ղեկավարությամբ է եղել: Գիշերվանից սկսած` կար և ոտնաթաթի ծավալուն դեֆեկտ, այսինքն` հյուսվածքի բացակայություն կրնկոսկրի շրջանում, և սնուցման խանգարում, որը բերում է մկանային զանգվածի մահացման ու ինքնաթունավորման, որը կարող է հիվանդին սպանել: Ես երեխային նայել եմ հաջորդ օրը, երբ ի վիճակի էի շարժվել, ինձ տարան ուղիղ վիրահատարան, փորձ արվեց վերականգնել արյան շրջանառությունը, բայց այնքան ջնջխված ու վնասված էին հյուսվածքները, որ անհնար էր վերականգնումը: Պատկերացրեք, եթե հյուսվածքներում արյան շրջանառություն չկա, վեց ժամից հետո դրանք սկսում են մահանալ, որը հղի է շատ բարդություններով` այդ թվում` գանգրենայով, հյուսվածքների մեռուկացմամբ»,-ասաց բժիշկը:
Պլաստիկ վիրաբույժը նշեց նաև, որ առաջին վիրահատությունը իզուր չի անցել, հնարավոր է եղել փրկել փոքրիկի ոտքը մինչև սրունքի վերին երրորդ մասը: «Առաջին վիրահատության ժամանակ կարել են ազդրային զարկերակը, և ոտքը մինչև սրունքի վերին երրորդը փրկվել է, եթե ոչ, ոտքը պետք է կտրվեր ազդրի միջին երրորդականից, քանի որ առաջին վնասվածքը այդ մակադակում էր: Ես նայեցի, վիրահատական միջամտությունը գրագետ էր արված: Երկրորդ ու երրորդ վնասվածքները ծնկափոսից ցածր էին, զարկերակի պատն ամբոջովին վնասված էր, բեկորները դրանց մեջ էին, դա էր արյունազեղումների պատճառը, ու մկանները քրքրված էին: Չէր կարելի ռիսկի դիմել ժամանակի առումով»,- հայտնեց Արտավազդ Սահակյանը:
Նրա խոսքով` երեխայի վիճակը ներկայում համեմատաբար լավ է, քան մինչ անդահամատումն էր, քանի որ արդեն թունավորման գործընթաց էր սկսվել: «Մի կարծեք, որ այդքան հեշտ է որոշել ու անդամահատել, մենք էլ երեխաներին վերաբերում ենք այնպես, ինչպես նորմալ մարդիկ: Ուրիշ ելք չկար»,- ավելացրեց բժիշկը:
Ինչ վերաբերում է հետագա վիրահատություններին ու պրոթեզավորմանը, բժիշկ Սահակյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա հետագա անելիքի անհրաժեշտությունը:
Փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի է զանգահարել ու հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է, սպանություն է կատարվել: Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969թ. ծնված Անահիտ Խաչատրյանի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով կինն ու 2011թ.-ին ծնված Ելենա Դալլաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: