Արամ Ա Կաթողիկոսը Աբու Դաբիում այցելել է Լիբանանի դեսպանատուն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դեկտեմբերի 8-ին այցելել է Աբու Դաբիում Լիբանանի դեսպանատուն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական էջից: Նրան ջերմորեն դիմավորել է դեսպան Հասան Սաադին: Ողջունելով Կաթողիկոսի այցելությունը՝ դեսպանը խոսել է ի նպաստ հայության, ինչպես նաև Լիբանանի համար արտաքին աշխարհում կատարած աշխատանքների մասին:
Իր հերթին Նորին սրբությունը շեշտել է Լիբանանի կարևորությունը սփյուռքահայության կյանքում և անդրադարձել Հայոց Ցեղասպանությունից հետո արաբ ժողովրդի ու, մանավանդ, Լիբանանի ցուցաբերած օգնությանը հայ ժողովրդի և նրա դատի նկատմամբ:
Այնուհետև տեղի է ունեցել ճաշկերույթ:
Ավելի վաղ դեկտեմբերի 7-ին, Արամ Ա Կաթողիկոսը Դուբայից ժամանել էր Աբու Դամբի և այցելել նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցին, ապա հանդիպումներ ունեցել Ազգային վարչության անդամների հետ: