Արամ Ա. Կաթողիկոսը վերադարձել է Անթիլիաս
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ ամսվա բացակայությունից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը վերադարձել է Անթիլիաս: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Անցնող շաբաթների ընթացքում Վեհափառ Հայրապետն այցելել է Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Շվեյցարիա և Հայաստան:
Իրանում շուրջ երկու շաբաթ Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելություններ է կատարել Թեհրանի և Սպահանի թեմեր: Արաբական Միացյալ Էմիրություններում Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել թեմի պատասխանատու մարմինների հետ ու մոտիկից հետևել Աբու Դաբիի եկեղեցու, դպրոցի և առաջնորդարանի շինարարական աշխատանքներին:
Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ է ունեցել Սիսի Կիլիկիո Կաթողիկոսարանի վերադարձի հարցով Թուրքիայի սահմանադրական դատարանիում բացվելիք դատը հետապնդող փաստաբանների հետ:
Իսկ Հայաստանում Արամ Ա Կաթողիկոսն ու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միասին գլխավորել են Մայր Աթոռում գումարված Եպիսկոպոսաց ժողովը: