Հասարակական

Վարչապետը կոչ է անում երիտասարդներին չվախենալ համաձակ նպատակներ դնելուց

4 րոպեի ընթերցում

Վարչապետը կոչ է անում երիտասարդներին չվախենալ համաձակ նպատակներ դնելուց

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած, Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուսանողներին մաղթեց համարձակություն՝ գնալու իրենց երազանքների ու նպատակների հետևից: Վարչապետը կոչ արեց նրանց չվախենալ համարձակ նպատակներ դնելուց, միաժամանակ ընդգծեց, որ դրանց իրականացումը պահանջում է մեծ նվիրում ու աշխատանք:

«Ես գրեթե ամեն օր հանդիպում ու զրուցում եմ մեր կամ արտերկրյա գործարարների հետ, ովքեր իրենց բիզնեսն են պատրաստվում ընդլայնել կամ ներդրումներ կատարել Հայաստանում: Գրեթե բոլորի մոտ Հայաստանում աշխատելու մոտիվացիան նույնն է. նրանք բոլորը պնդում են՝ Հայաստանում կարողանում են որակյալ արտադրանք տալ: Սա, իրոք, ճշմարտություն է, որովհետև մեր երկրում մարդիկ գիտեն ու սիրում են աշխատել: Գիտեն նվիրված ու ստեղծագործաբար աշխատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ այս բնատուր շնորհքը՝ մեր ժողովրդի աշխատասիրությունը, Հայաստանի ամենամեծ հարստություններից մեկն է և նոր չի ի հայտ եկել: Նրա դիտարկմամբ՝ մենք միշտ էլ այդպիսին ենք եղել, երիտասարդներն էլ են այդպիսին, եթե նույնիսկ դեռ չեն գիտակցում այդ մասին: «Այլ կերպ լինել չեք կարող. դուք լավ աշխատողներ ու ստեղծողներ եք լինելու, որովհետև ձեր ծնողներն ու պապերն են այդպիսին եղել: Բնությունից եք այդպիսին: Հիմա ձեր աշխատասիրությունը պետք է դրսևորվի ուսման մեջ՝ վաղն արդեն մեր երկիրն ու տնտեսությունն առաջ տանելու հարցում: Բայց հանկարծ չմտածեք՝ մենք այսպես նստելու ենք սպասենք, թե դուք երբ եք մեծանալու, որ մեր երկրի խնդիրները լուծեք: Նույնիսկ չերազեք: Մինչև դուք ամրանաք, մենք բոլորովին այլ երկիր ենք հանձնելու ձեզ: Այսօր մենք բոլոր ուղղություններով ընդլայնում ենք մեր արտադրածն ու ստեղծածն իրացնելու հնարավորությունները, լայն շուկաների հասանելիությունը: Վաղն արդեն նոր արտադրանքն ու ծառայություններն են գալու լրացնեն այդ շուկաներում ներկայանալու մեր ներուժը»,- ասաց վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը կոչ արեց ուսանողներին ապրել իրենց ժամանակի մեջ՝ իրենց ժամանակի չափանիշներով, և համարձակորեն դեմ գնալ իրենց դարն ապրած ավանդույթներին:

«Բայց հիշեք՝ որպես քարերի վրա քանդակված անբեկանելի պատգամ, որ ընտանիքը, հավատարմությունը, բարոյականությունն ու հայրենասիրությունը չեն հնանում երբեք և չեն հնանալու: Ընտանիքը հայության առաջին ու վերջին ամրոցն է: Եթե խարխլվեցին դրա հիմքերը, չեք ունենա ոչինչ` ո'չ Հայաստան, ո'չ հայություն, ո'չ էլ անձնական երջանկություն»,- ընդգծեց վարչապետը:

Հայաստանի երիտասադական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանն ասաց, որ այսօրվա տոնական համերգն ունի հայրենասիրական բնույթ՝ ի պատիվ սահմանին կանգնած հայ զինվորի, որը փառքով է պահում մեր երկրի անվտանգությունը: Ավագյանը նշեց, որ միջոցառմանը ներկա ուսանողները մեր երկրի ապագան են և մշտապես պատրաստ են կանգնելու սահմանին՝ հանուն հայրենիքի ու ժողովրդի:

Միջոցառմանը, որը կամզկակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից, ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում