Հասարակական

Պատրիկ Ֆիորիի կնքահայրությամբ եւ Ադրիանա Կարեմբոյի կնքամայրությամբ եվրոպահայերը գումար կհանգանակեն

3 րոպեի ընթերցում

Պատրիկ Ֆիորիի կնքահայրությամբ եւ Ադրիանա Կարեմբոյի կնքամայրությամբ եվրոպահայերը գումար կհանգանակեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպայում ապրող հայությունը պատրաստվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնին, որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 19-23-ը: Համաեվրոպական հեռախոսամարաթոնը հիմնադրամի ամենամյա խոշոր դրամահավաք միջոցառումներից է, որն իրականացվում է Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ՝ սկսած 2000 թվականից:«Արմենպրես»-ի թղթակցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ այս տարվա հեռախոսամարաթոնին որպես «կնքահայր» և «կնքամայր» կմասնակցեն անվանի ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին և աշխարհի ամենաերկար ոտքեր ունեցող մոդել Ադրիանա Կարեմբոն:

«Ամեն տարի հեռախոսամարաթոնին մասնակցում են մարդիկ, ովքեր ոգեշնչում են նվիրատուներին, հեռախոսազանգեր են կազմակերպում, ոգևորում տարբեր միջոցներով: Այս անգամ իրադարձությանը հաղորդակից կդառնան Պատրիկ Ֆիորին և Ադրիանա Կարեմբոն: Ի դեպ, վերջինիս ամուսինն ազգությամբ հայ է»,-նշեցին հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կնքահոր և կնքամոր անունները հայտարարվել էին մայիսի 11-ին` «France 2» ֆրանսիական հեռուստաալիքի եթերում: Պատրիկն ու Ադրիանան «Vivement dimache prochain» ծրագրի հյուրերն էին: Երկու աստղերը փորձելու են նպաստել դրամահավաքին:

Համաեվրոպական հեռախոսամարաթոնը խոշոր միջոցառում է: Չորս օր, 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ և այլազգի կամավորներ զանգահարում են մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին և կոչ անում մասնակցել Հայաստանի և Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին: Վերջին տարիներին համաեվրոպական հեռախոսամարաթոնին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Շվեդիայի հայ համայնքները:

Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 411 285 զանգ, եւ 20 800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9938 000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում:

Պարբերաբար հեռախոսամարաթոններ են ացկացրել նաեւ Հիմնադրամի Արգենտինայի, Բրազիլիայի, ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմինները, ինչպես նաեւ գործադիր վարչությունը:

Նախորդ տարի հավաքագրված գումարներով ջրամատակարարման ծրագրեր իրականացվեցին Արցախի ու Հայաստանի (Տավուշի մարզ) 10 գյուղերում, հիմնանորոգվեց եւ սարքավորումներով համալրվեց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աուդիո-վիզուալ կենտրոնը, հիմնանորոգվեց Գյումրիի մանկատունը, կառուցվեց ջրամատակարարման համակարգ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում, իրականացվեցին Տավուշի մարզի գյուղատնտեսությունը խթանող մի շարք ծրագրեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում