Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանին մեղադրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները տապալելու ցանկության մեջ

4 րոպեի ընթերցում

Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանին մեղադրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները տապալելու ցանկության մեջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովի ամբիոնից Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը տապալելու ցանկության մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ անդրադառնալով ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության նախաձեռնած «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» վերտառությամբ որոշման նախագծին՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հասկանալի է, թե ինչու են ադրբեջանցիները նման նախաձեռնությամբ հանդես եկել։ «Նրանց, որ նույնն է՝ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալելն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափին զուգահեռ մի նոր գործընթաց սկսել. ահա այս ռազմավարությունն է որդեգրել Ադրբեջանը։ Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում ձերբազատվել ԵԱՀԿ գործող ձևաչափից: Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Այդ երկրի իրական նպատակները հասկանալու համար բավական է միայն լսել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ, հակահայ ելույթները, կամ պարզապես հետևել այդ երկրի ռազմական բյուջեի աճի դինամիկային և ձեռք բերվող զինատեսակներին, ինչը կատարվում է` խախտելով սպառազինությունների վերահսկման միջազգային ռեժիմներն ու պարտավորությունները»,- ընդգծել է պատգամավորը։

Զոհրաբյանը շեշտել է, թե հասկանալի է, որ նմանօրինակ նախաձեռնություններով Ադրբեջանը փորձում է Վեհաժողովի ուշադրությունը շեղել իր երկրում քաղաքական բանտարկյալների թվի աճից և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներից: Փաստորեն, երկիրը, որը նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության երաշխավորը հանդիսացող այս կազմակերպությունը հեղինակազրկել է՝ կազմակերպության արժեքների ու սկզբունքների հանդեպ իր բացահայտ արհամարհանքով:

Պատգամավորի խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունները ուղղակիորեն վնասելու են վերջին սահմանային լարվածությունից հետո հաստատված անչափ փխրուն կայունությունը։

«Ուզում եմ հավատալ, որ նրանք, ովքեր ստորագրել են Սուլեյմանովի և Բակոյանիսի բանաձևերի առաջարկությունների տակ, դա արել են՝ չնկատելով, որ մեծապես վնասելու են բանակցային գործընթացին։ Եկեք հիշենք, թե ինչ ազդեցություն ունեցավ նույն հարցի վերաբերյալ 2005թ. բանաձևը: Պատասխանեմ՝ ոգևորվելով դրանից՝ Ադրբեջանն էլ ավելի ուժգնացրեց իր հայատյաց հռետորաբանությունը, հրաժարվեց կարգավորման ձեռք բերված հիմնարար սկզբունքներից, մերժեց Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված փոխվստահության բոլոր միջոցառումները՝ շփման գծում ավելացնելով հրադադարի խախտման դեպքերն ու մահվան ելքով սադրանքները: Այդ բանաձևի արդյունքում ԵԽԽՎ-ում երկու պատվիրակությունների միջև փոխվստահությունը հավասարվեց զրոյի: Ցավոք, սա է նման նախաձեռնությունների արդյունքը»,- ասել է Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ԵԽԽՎ-ն հստակ մանդատ ունի՝ ջանքեր գործադրել եվրոպական տարածքում պաշտպանելու մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը։ Նա բոլորին կոչ է արել դրսևորել զգոնություն, խոհեմություն ու պատասխանատվություն, երբ հարցը վերաբերում է տարածաշրջանի փխրուն կայունությանը, այդտեղ բնակվող ժողովուրդների անվտանգությանը և ապագային:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում