ՀՀ վարչապետը մասնակցել է Բրիտանական բիզնես դպրոցի բացմանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նյախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ-ում մասնակցել է Բրիտանական բիզնես դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է դպրոցով՝ ծանոթացել ստեղծված ուսումնական պայմաններին և առաջիկա ծրագրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դպրոցի հիմնադրումը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանի կառավարության ծրագրի կարևորագույն ուղղություններից է, և պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում երկրի կրթական համակարգի շարունակական կատարելագործման և արդիականացման խնդիրները: «Մրցունակ պետություն՝ նշանակում է մրցունակ կրթական և գիտական համակարգ: Այսպես է սահմանված Հայաստանի կառավարության ծրագրում: Այսօր դժվար է պատկերացնել մրցունակ լինելու գաղափարը, եթե ազգային տնտեսությունը հենված չէ առաջատար գիտելիքների վրա: Ուշադրության կենտրոնում պահելով կրթական համակարգի խնդիրները՝ մենք փորձում ենք հնարավորինս աջակցել և բարենպաստ պայմաններ ստեղծել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացման համար»,- ընդգծել է վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է կրթության բնագավառում հերթական խոշոր նախագծի իրականացումը՝ ՀՀ կառավարության որոշմամբ Պետական տնտեսագիտական համալսարանում Բրիտանական բիզնես դպրոցի հիմնումը:

Հովիկ Աբրահամյանը բրիտանական առաջատար փորձի կիրառումը Հայաստանում համարել է նշանակալի ձեռքբերում: Վարչապետի խոսքով՝ այս նախաձեռնությունը բուհերի միջազգայնացման, համալսարանների հեղինակության բարձրացման լավ օրինակ է: «Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ լինելով միակը մեր տարածաշրջանում՝ Բրիտանական բիզնես դպրոցը ձեռք է բերում տարածաշրջանային կարգավիճակ՝ ընձեռելով նաև օտարերկրացիներին բրիտանական չափանիշներին համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հույս հայտնելով, որ այս նախագծի իրականացումը խթան կհանդիսանա նաև Հայաստանի այլ բուհերի համար: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ աշխարհի առաջատար համալսարանների հետ շփումներն ու համագործակցությունը մեծապես կնպաստեն հայաստանյան կրթական համակարգի հետագա զարգացմանը:

Դպրոցի բացմանը ելույթով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, Անգլիա Ռասկին համալսարանի պրոռեկտոր Թրեվոր Բոլթոնը, Լոնդոնի կոմերցիայի դպրոցի ներկայացուցիչ Գրոգոր Դուգլասը և ուրիշներ:

Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը ստեղծվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Globe Education (GB) LTD» ՍՊԸ-ի համագործակցության շրջանակներում: «Globe Education (GB) LTD»-ի գործընկերները 4 բրիտանական բուհեր են, որոնցից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցելու է Անգլիա Ռասկին համալսարանը:

ՀՀ կառավարության 2013 թ. որոշմամբ՝ համատեղ բիզնես դպրոցի բաժնեմասի 51 տոկոսը կտնօրինի «Globe Education (GB) LTD»-ն, 44 տոկոսը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ 5 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:

Բիզնես դպրոցն արդեն իսկ օգոստոսի 29-ին հայտարարել է ընդունելություն բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան բրիտանական միջազգային ճանաչում ունեցող Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ: Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի ուսանողները բացառիկ հնարավորություն են ունենալու ուսումնառության ընթացքում, նույն ուսման վարձի շրջանակներում, երկու մոդուլի մասնակցել Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Լոնդոնում, Մալթայում և այլուր:

Դասավանդումն իրականացնելու են Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսները՝ տեղացի բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ համագործակցությամբ:

Հայերեն

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից