Քաղաքականություն

ԱՄՆ Սենատը կքննի Հայաստանում և Ադրբեջանում իր դեսպանների թեկնածությունները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատը կքննի Հայաստանում և Ադրբեջանում իր դեսպանների թեկնածությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի ուշադրության կենտրոնում եկող շաբաթ կլինեն Միացյալ Նահանգների հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: ԱՄՆ օրենսդիր մարմնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին կքննի Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանների թեկնածությունները` առաջադրված Նախագահ Բարաք Օբամայի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Հայ դատը կոչով դիմել է ամերիկացի սենատորներին ուշադիր և մանրամասն քննել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածուի հարցը:

«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեկուտայի թեկնածության առաջադրումը ԱՄՆ Սենատում հնարավորություն է ընձեռում Կոնգրեսին վերահսկել ԱՄՆ հարաբերություններն Ադրբեջանի կառավարության հետ, որն ահագնորեն սրում է պատերազմական լարվածությունը տարածաշրջանում և ներքին ճնշումներն այլախոհների դեմ: Մենք ակնկալում ենք, որ Սեկուտայի թեկնածությունն ուշադիր և մանրամասն քննության կառնվի, ինչպես նաև` ողջունում Հայսատանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլսին ընձեռված հնարավորությունը` հանձնաժողովին ներկայացնելու Հայոց ցեղասպանության հայրուրամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների և ավելի լայն առումով` հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և ամրապնդման վերաբերյալ իր ծրագրերը»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նաև խրախուսել է տեղի հայությանը` նույն կոչով դիմել Կոնգրեսի իրենց ներկայացուցիչներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում