Այսօրվա երիտասարդությունը մեզնից շատ ավելի լավ է կատարելու հայրենիքի ճակատագիրը տնօրինելու առաքելությունը. ՀՀ Նախագահ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Հավաքը, որին մասնակցում էր ավելի քան 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, մեկնարկել է օգոստոսի 18-ին: Այս տարվա հավաքին մասնակցում էին նաև նոր ջոկատներ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Ոստիկանության, Գևորգյան հոգևոր ճեմարանի, լրագրողների, «Փյունիկ» հաշմանդամների միության, երիտասարդ երկրապահների և այլ հասարակական կազմակերպությունների ջոկատներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանըծանոթացել է անցած օրերին «Բազե-2014» հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, ինչպես նաև՝ հավաքի մասնակիցների կողմից կազմակերպված ռազմականացված ներկայացումն ու պարային ֆլեշմոբը: Սերժ Սարգսյանը ողջունել է հավաքի մասնակիցներին, հաջողություններ մաղթել և վստահություն հայտնել, որ ճամբարում երիտասարդ բազեականները ձեռք են բերել նոր հմտություններ ու գիտելիքներ, նաև՝ լավ ընկերներ ու հավաքի ավարտից հետո ունենալու են բազմաթիվ վառ տպավորություններ: Հանրապետության Նախագահը նշել է, որ շատ ուրախ է հերթական անգամ հանդիպելու բազեականներին և շնորհավորել է նրանց այսօրվա տոնի՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: «Քսանչորս տարի առաջ այս նույն օրը ընդունվեց Անկախության հռչակագիրը, և դա շատ կարևոր իրադարձություն էր մեր ժողովրդի համար: Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունն իրեն հարց էր տալիս՝ ի՞նչ է լինելու ապագան, ինչպիսի՞ ընթացք է ունենալու մեր անկախ պետությունը և նոր ի՞նչ բարդություններ ու դժվարություններ է պատրաստել ճակատագիրը հայ ժողովրդի համար: Բոլորի հետ միասին ես էլ էի խորհում ապագայի մասին ու վստահ էի, որ մեզնից ավագ սերունդը, մեր և մեզնից կրտսեր սերունդը կարողանալու են պատվով կատարել իրենց առաքելությունը: Ես որոշակի մտավախություն ունեի, թե ինչպես է ավելի երիտասարդ՝ 90-ականներից հետո ծնված սերունդը, կարողանալու տնօրինել մեր հայրենիքի ճակատագիրը: Փառք Աստծո, որ մենք կարողացանք այս տարիների ընթացքում, իրոք, կատարել մեր առաքելությունը, և ես վստահ եմ, որ այսօրվա երիտասարդությունը մեզնից շատ ավելի լավ է կատարելու այդ առաքելությունը: Իմ համոզմունքը հիմնված է ոչ թե լավատեսության, այլ այն իրողության վրա, որ այսօր մեր երիտասարդները կարողանում են վստահորեն պաշտպանել մեր երկրի սահմանները և այդ ընթացքում ցուցաբերել քաջության, հայրենասիրության բազմաթիվ վառ օրինակներ: Եթե մեր դպրոցականները համաշխարհային առարկայական օլիմպիադաներում նվաճում են 19 մեդալ, և որպեսզի կարողանաք պատկերացնել, թե դա ինչ է, ասեմ, որ մեր հարևան Վրաստանը նվաճել է ընդամենը 8, Ադրբեջանը՝ 4, իսկ 80 միլիոնանոց Թուրքիան՝ 22 մեդալ: Ինչպե՞ս չհպարտանաս այդպիսի դպրոցականներով, եթե վերջին 4-5 տարիների ընթացքում միջին հաշվով 100 հայ երիտասարդ ամեն տարի ընդունվում է աշխարհի լավագույն 10 բուհեր, ապա ինչպե՞ս վստահ չլինես, որ այդ մարդիկ կարողանալու են շատ ավելի մեծ գործեր կատարել, քան մենք ենք արել: Եվ եթե մեր տանկային անձնակազմերը, որոնց հետ դուք հանդիպել եք, կարողանում են մրցել աշխարհի խոշորագույն բանակների ներկայացուցիչների հետ ու լինել հաղթողների թվում, ուրեմն ամեն ինչ լավ է ընթանում:

Ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ շնորհավորել և մաղթել հաջողություն»,-«Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը բազեականների ճամբարում այնուհետ դիտել է հավաքի փակման առիթով կազմակերպված գալա համերգը:

Սերժ Սարգսյանը նաև պատասխանել է «Բազե-2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամներին հետաքրքրող հարցերին: Ճամբարական լրագրողները Հանրապետության Նախագահին հարցեր են ուղղել ինչպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, այնպես էլ մեր երկրի պաշտպանության, տնտեսության մարտահրավերների, սոցիալական թեմաների վերաբերյալ:

Հայերեն

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն

Հայաստանն ու Լատվիան արձանագրություն են ստորագրել ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հետընդունման համաձայնագրի իրականացման վերաբերյալ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր