Ալիեւին բանակցությունների սեղան վերադարձրին հայկական Զինված ուժերը. քաղաքագետ
3 րոպեի ընթերցում
![Ալիեւին բանակցությունների սեղան վերադարձրին հայկական Զինված ուժերը. քաղաքագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/08/772270.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին բանակցությունների սեղանի շուրջ նստեցրին հայկական Զինված ուժերը` ստիպելով Հայաստանի հետ խոսել ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական լեզվով: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Փարիզում բանակցությունները վերսկելու առաջարկը մերժելով, Ալիեւը որոշեց դիմել ռազմական ճանապարհին եւ սադրանքներ գործել սահմանին, սակայն հայկական զինուժն իր բարձունքի վրա էր եւ կարողացավ արժանի պատասխան տալ: «Ռազմական տեսակետից Ալիևն իսկապես ստիպված էր գնալ բանակցությունների: Նա ոչ թե գնաց, այլ ինչպես տեսանք, վազեց Սոչի, քանի որ հայկական բանակը նրան այլընտրանք չէր թողել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը` հավելելով, որ Սոչիում կայացած հանդիպմամբ հերթական անգամ կարեւորվեց եւ ամրագրվեց 1994թ. կնքված զինդադարի պահպանումը: Մելիք-Շահնազարյանիդիտարկմամբ` բանակցությունների միակ արդյունքը դա էր, քանի որ այս պահին ունենալ որեւէ այլ ակնկալիք` անհնար է:
«Հանդիպումից գնահատականները զգուշավոր էին, ինչից ակնհայտ է դառնում, որ ամենակարեւոր խնդիրները շարունակում են մնալ չլուծված: Սակայն նախագահը հարցազրույցի ժամանակ կարծիք հնչեցրեց, որ հակառակորդի կողմից լարվածությունը կթուլանա: Սա նշանակում է, որ հանդիպմանը Ալիեւին հասկացնել են տվել իր դիրքի թերություններն ու անհեռանկարային լինելը եւ այժմ պետք է սպասել, թե որքանով ադեկտվատ կգնահատի իրավիճակը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Նրանք տեսան հայկական տեղեկատվական դաշտի, հասարակական, քաղաքական եւ ռազմական ոլորտների համախմբվածությունն ու միմյանց սատարելն ու հասկացան, որ այս հասարակությունն ավելի շատ է պատրաստ պաշտպանելու իր իրավունքներն ու ազատությունը, քան ադրբեջանականը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ առաջին նախանշաններն արդեն առկա են եւ սահմանին կրակոցների թիվը որոշակիորեն նվազել է:
Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է եռակողմ հանդիպում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպմանը կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարություններին, Նախագահ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերից մեկն էլ հրադադարի ռեժիմի պահպանումն է, որը հարեւան պետությունը խախտում է գրեթե ամեն օր: