ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկա չեն գտնվի Սոչիում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը
1 րոպեի ընթերցում
![ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկա չեն գտնվի Սոչիում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/08/771844.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող երեք երկրների համանախագահները` Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովն (Ռուսաստանի Դաշնություն) ու Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) չեն ծրագրում օգոստոսի 8-9-ն այցելել Սոչի եւ ներկա գտնվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ասացին, որ համանախագահների առաջիկա ծրագրերում Սոչի այցելություն չկա: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Սոչի այցելության ծրագրեր չունեն»,- ասացին դեսպանատնից:
Օգոստոսի 2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գավառ կատարած աշխատանքային այցելության ժամանակ հայտարարել էր, որ օգոստոսի 8-9-ը Սոչիում կկայանա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: Աբրահամյանը հույս էր հայտնել, որ հանդիպումից հետո սահմանին լարվածությունն ավելի կթեթեւանա: Սոչիում Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն 19-րդ անգամ: Նախորդը հանդիպումը կայացել էր 2013թ. նոյեմբերի 19-ին Վիեննայում: