Ադրբեջանցիները հոգեբանորեն չեն հաշտվել ջախջախման հետ. քաղաքագետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների ակտիվությունը կապում է նրա հետ, որ վերջիններս հոգեբանորեն չեն հաշտվել ջախջախման հետ, իսկ վերջին տարիների ռազմական հռետորաբանությունը նրանց հոգեբանորեն տրամադրել է ագրեսիայի: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետը նաև կարծիք հայտնեց, որ ադրբեջանական կողմի նման ակտիվությանը նպաստել է նաև միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահների ոչ համարժեք գնահատականներին, որոնք ազգային ազատագրական պայքար մղող ազգին և պանթուրքիստին միշտ նույն հարթության մեջ են դրել: «Նրանք նաև ոգևորվել են այդ հանգամանքից, որ միջազգային արձագանքը ոչ համարժեք է եղել՝ իրենց թիկունքում ունենալով Թուրքիայի աջակցությունը: Այս հանգամանքը, ինչպես նաև միլիարդավոր դոլարները և ժամանակակից զինտեխնիկայի ձեռքբերումը նրանց գերհզորության պատրանք տվեցին»,- ասաց Շիրինյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ բացասական դեր են խաղացել նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունը հակամարտության կարգավորման 6 կետերի վերաբերյալ, որոնցում խոսվում էր ազատագրված տարածքների հանձնման մասին, ինչպես նաև Ռուսաստանի հետ կոմերցիոն գործարքները: «Թուրքերին միշտ թվում է, թե երբ իրենք անզեն բնակչության նկատմամբ ցեղասպանություն են իրականացնում, դա ռազմական հաջողություն է: Այս դեպքում էլ ադրբեջանցիները պարզապես գերագնահատեցին իրենց հնարավորությունները, հարձակվեցին, ջարդվեցին և հետ շպրտվեցին»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով այս օրերին հայկական բանակի ձեռնարկած միջոցառումներին՝ հակառակորդի դիվերսիոն հարձակումները կասեցնելու ուղղությամբ՝ Շիրինյանը նշեց, որ բանակը փայլուն է կատարել իր առջև դրված պարտականությունները՝ հակառակորդին հետ շպրտելով և պատճառելով զգալի մարդկային կորուստներ: Դիրքերում հակառակորդի դեմ անզեն կռված երիտասարդին էլ Շիրինյանը համեմատում է հայկական էպոսի հերոսներից Մեծ Մհերի հետ, ով առյուծի բերանից բռնած նրան երկու մասի է բաժանել: «Այդ երիտասարդ զինվորն անզեն կռվել է զինված ադրբեջանցիների դեմ, բռնել է հակառակորդի կոկորդը փորձել է խեղդել նրան և ստիպել է նրանց դիմել փախուստի: Երբ ես լսում էի այդ մասին, հիշում էի մեր էպոսը, առյուծին երկու մասի բաժանած Մեծ Մհերին»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի տգետ նախագահը նաև մտածել է, որ սահմանին լարվածություն ստեղծելով, կարող է այնպես անել, որ Հայաստանում ներքին խժդժություններ սկսվեն, սակայն հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ պետական շահն ինչ է նշանակում, ինչը մեր ժողովրդի առավելությունն է: Նա ընդգծեց, որ հիմա արդյունքներն ամփոփել է պետք, լծվել առավել ուժեղ պետության ստեղծմանը: Քաղաքագետը շնորհակալություն հայտնեց Իսրայելին և մնացած բոլոր պետություններին, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին, քանի որ այդ զենքերն ի վերջո հայտնվում են հայկական զինված ուժերի տրամադրության տակ ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքների արդյունքում:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի նախագաների՝ Սոչիում նախատեսվող հանդիպումից, քաղաքագետը նշեց, որ հայոց բանակի գերագույն հրամանատարին մեր զինվորները վերջին օրերի դեպքերից հետո ամուր պատվանդան են տվել, որի բարձունքից էլ նա կկարողանա բանակցել Ադրբեջանի նախագահի հետ: Նա ընդգծեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի բանակցությունների արդյունքում դիպուկահարները հետ քաշվեն շփման գծից: Դիտարկմանը, թե Ադրբեջանը միշտ անտեսել է այդ առաջարկը, քաղաքագետը պատասխանեց, որ հիմա իրավիճակը փոխվել է, քանի որ ադրբեջանական բանակը փոքրիկ ջարդ է կերել վերջին օրերին և դա պետք է վախեցնի Ալիևին:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում դիվերսիոն հարձակումներ է իրականացրել, որոնց արդյունքում, կրելով զգալի մարդկային կորուստներ, հետ է շպրտվել: Ցավոք, պաշտպանական գործողությունների ժամանակ մարդկային կորուստներ է ունեցել հայկական կողմը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ մոտակա օրերին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Նա ընդգծել է, որ երբ նրանք նույն պահին և նույն օրը հայտնվեն նույն տեղում, անհնար կլինի չխոսել ԼՂ հակամարտության մասին:

Հայերեն Русский