Սփյուռք

Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Բերիո թեմի առաջնորդին

3 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Բերիո թեմի առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հուլիսի 29-ի երեկոյան Բիքֆայայի վանքի իր գրասենյակում ընդունել է Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանին, ով Նորին Սրբությանը մանրամասն տեղեկացրել է Սիրիայի ծովափնյա շրջանների հայերին իր այցելության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ թեմակալ առաջնորդը քահանաների և «ազգային»-ականների ընկերակցությամբ այցելել էր Տարտուս, Բանիաս և Սաֆիթա, ուր փոքրաթիվ հայերին միացել են իրենց բնակարանները և գործատեղերը պարտադրաբար լքած «նոր գաղթականներ»: Երեք օրերի այցելությունների ընթացքում, գոտեպնդող և հուսադրող մթնոլորտում վերոնշյալ քաղաքներում տեղի են ունեցել եկեղեցական արարողություններ, հանդիպումներ, վիճակագրական տվյալների և կարիքների հստակեցում, ինչպես նաև օժանդակությունների բաշխում:

Թեմակալ առաջնորդն ու ազգային առաջնորդարանի ներկայացուցիչների հաջորդ հանգրվանը եղել է Լաթաքիան, որտեղ նույնպես տեղի են ունեցել խորհրդակցական և կազմակերպչական հանդիպումներ տեղի եկեղեցու ներկայացուցիչների և Լաթաքիայի Շտապօգնության մարմնի հետ: Այցելության վերջին վայրը Քեսաբն էր: Հուլիսի 25-ին վերաօծվել է Գարադուրանի ս. Աստվածածին եկեղեցին: Այդ առիթով Սրբազանը ժողովրդին փոխանցել է իր օրհնությունն ու զորակցությունը սիրիահայության վերականգնման բոլոր ճիգերին: Հաջորդ օրը վերակազմակերպչական աշխատանքներ են կատարվել և հանդիպումներ են տեղի ունեցել Քեսաբի Շտապօգնության մարմնի, եկեղեցիների ներկայացուցիչների և այլ անձանց հետ:

Կիրակի՝ հուլիսի 27-ին, Պայծառակերպության տոնի առթիվ, Ս. Պատարագ է մատուցվել վերաօծված եկեղեցում, որին մասնակցել են իրենց պապենական տները վերադարձած հայերը: Պատարագի ընթացքում, քարոզից հետո, ջրօրհնեքի ու աղօրհնեքի արարողություններ են կատարվել: Ապա տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Սիրիայի և հայության բոլոր նահատակների: Ապա Անդաստանի արարողությամբ օրհնվել են Սիրիայի հայ ժողովրդի զավակները:

Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ իր գնահատանքն է հայտնել տարված միասնական աշխատանքների համար և կոչ արել շարունակել զորավիգ կանգնել սիրիահայ ժողովրդին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում