Կարլսենին հաղթած Տաճատ Վարդապետյանը մտածել է շախմատիստ դառնալու մասին, սակայն այլ ուղղություն է ընտրել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ԱԺ նախագահի կողմից պարգևատրվել է հուշանվերով՝ նախօրեին շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես» լրատվական գործակալությունն առաջին լրատվամիջոցն էր, որ պարգևատրումից անմիջապես հետո զրուցեց շախմատի արքային հաղթելու բերկրանքը վայելած պատգամավորի հետ:

-Պարոն Վարդապետյան, երեկ դուք կարողացել եք հաղթանակի հասնել շախմատի աշխարհի չեմպիոնի նկատմամբ, որը շատերի զարմանքն ու հիացմունքն առաջացրեց: Նախ կցանականայի իմանալ, երբվանի՞ց եք սկսել շախմատ խաղալ և ի՞նչ դեր ունի այն ձեր կյանքում:

-Ես շախմատ սկսել եմ խաղալ դեռևս դպրոցական տարիքից՝ երկրորդ-երրորդ դասարանից: Ծնվել եմ Ջավախքում, մանկավարժի ընտանիքում, և շախմատը մեր ընտանիքում ընդունված է եղել: Ոչ միայն ընտանիքում, այլ նաև մեր գյուղում էր ընդունված: Ես հիշում եմ, որ մասնակցում էինք մրցումների և ինձ համար գերնվաճում էր, որ ես դարձա շրջանի դպրոցականների հաղթող: Եվ նաև գավաթ եմ բերել այն դպրոցին, որն ավարտել եմ: 1983թ. մարտին մասնակցել եմ նաև Վրաստանի շախմատային Սպարտակիադային, որտեղ կիսել եմ 2-3-րդ հորիզոնականները: Հիմա խաղում եմ միայն սիրողական մակարդակով իմ ընկերների հետ: Երևի իմ գեներից մի փոքր փոխացվել է որդուս, որովհետև 9 տարեկանում համահայկական խաղերի ժամանակ նա չեմպիոն դարձավ: Այնպես, որ ինձ համար նոր իրողություն է Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակը: Այդ պարտիայի հաղթական ավարտը ինձ մոտ գլխապտույտ է առաջացրել: Եվ սա հավանաբար նաև այն մեսիջն է աշխարհի բացարձակ չեմպիոնին, որ գահը պետք է շուտով ստանձնի հայկական շախմատի արքան՝ Լևոն Արոնյանը: Այն քաղաքական թիմի (որը ես ներկայացնում եմ) ղեկավարը և Հայաստանի Հանրապետության Նախագահը նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարն է: Անխոս, նրա հետ չեմ խոսել, սակայն իմ թիկունքում զգացել եմ նրա աջակցությունը: Քիչ առաջ էլ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ էի, ով շնորհավորեց ինձ այդ հաղթանակի կապակցությամբ և հուշանվերով պարգևատրեց:

-Երբևէ պատկերացրե՞լ եք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի հետ խաղալու հնարավորություն կունենաք և կհաղթեք:

-Անկեղծ ասած՝ ոչ: Դա ինձ համար վարդագույն երազ էր, որից դեռ ուշքի չեմ գալիս: Սակայն գիտեմ, որ հետաքրքիր ու անհավանական մի բան է տեղի ունեցել:

-Դուք նշեցիք, որ շուտով աշխարհի շախմատային գահը պետք է ստանձնի հայկական շախմատի արքա Լևոն Արոնյանը: Դուք դրան հավատո՞ւմ եք:

-Միանշանակ, ոչ միայն հավատում եմ, այլ արդեն զգում եմ: Այդ պահը շատ հեռու չէ:

-Պարոն Վարդապետյան, հաշվի առնելով շախմատի հանդեպ Ձեր մեծ սերը, երբևէ մտածե՞լ եք շախմատիստ դառնալու մասին:

-Գիտեք, երբ դպրոցական տարիքում խաղում էի, ինձ թվում էր, որ ես լավ եմ խաղում, և, այո, այդ տարիքում մտքովս անցել է: Եվ երջանկահիշատակ ծնողներս շատ էին ոգևորվում, մանավանդ հայրս: Հիմա, եթե նրանք կենդանի լինեին, ես պատկերացնում եմ՝ ինչ ցնծություն կապրեին:

-Իսկ ի՞նչը Ձեզ խանգարեց այդ հարցում:

-Չէի ասի, թե ինչ-որ բան խանգարել է, պարզապես այլ ուղղություն ընտրեցի: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: Այդ ընթացքում էլ մասնակցում էի շախմատային մրցումների և հաղթանակներ էի տանում: Եվ 1985թ. էլ Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ հաղթեցի բավականին հայտնի շախմատիստի, որի անունը չեմ ցանկանում տալ: Ես շախմատային գերնվաճումներ չունեմ, սակայն հատուկ վերաբերմունք ունեմ շախմատի հանդեպ:

-Իսկ մի՞շտ եք հաղթում շախմատում:

-Ինչպե՞ս կարող եմ ասել՝ միշտ եմ հաղթում: Իհարկե ոչ: Սակայն վերջին հաղթանակը այնքան է ոգևորել, որ հիմա չգիտեմ՝ շարունակելու եմ շախմատ խաղալ, թե ոչ:

-Պարոն Վարդապետյան, հայտնի է, որ դուք հաճախակի եք շախմատ խաղում Ձեր պատգամավոր գործընկերների հետ: Կնշե՞ք` որ պատգամավորների հետ եք հիմնականում շախմատ խաղում, և պատգամավորներից ո՞վ է ամենադժվար մրցակիցը:

-Ես չեմ ցանկանում որևէ մեկին առանձնացնել: Բոլորն էլ լավ են խաղում՝ Սամվել Ֆարմանյան, Արայիկ Հովհաննիսյան, Կորյուն Նահապետյան, Վազգեն Կարախանյան, Համլետ Հարությունյան, Լյովա Խաչատրյան, Ալեքսան Պետրոսյան: Եթե որևէ մեկի անունը մոռացել եմ, թող ներող լինեն:

Շանթ Խլղաթյան

Հայերեն English

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ