Միջազգային

250 ընտանիքներ վերադարձել են Քեսաբ

2 րոպեի ընթերցում

250 ընտանիքներ վերադարձել են Քեսաբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը հայտարարել է, որ Քեսաբի 250 գաղթած ընտանիքներ արդեն վերադարձել են քաղաք, իսկ մյուսները սպասում են հիմնական ծառայությունների վերականգնվելուն, որպեսզի վերադառնան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա շնորհակալություն է հայտնել սիրիական բանակին Քեսաբում և Սիրիայի բոլոր շրջաններում կայունությունը վերականգննելու համար:

Մյուս կողմից Լաթաքիայի մարզպետ Ահմադ Շեյխ Աբդ ալ Կադիրը համապատասխան մարմիններին և հաստատություններին կոչ է արել հնարավորինս արագ վերականգնել Քեսաբի ջրամատակարարումը, էլեկտրաէներգիան, կապի և հաղորդակցման միջոցները և մաքրությունը, ապա պահանջել է ապահովել բնակիչների վերադարձը գյուղաքաղաք: Մարզպետը և այլ պաշտոնատար անձինք անձամբ այցելել են Քեսաբ՝ մոտիկից ծանոթանալու խանութների, բնակարանների, մշակույթի կենտրոնների, այդ թվում՝ 170 տարի առաջ կառուցված հայկական Միսակյան մշակութային կենտրոնի, այրված և ավերված հայկական 4 եկեղեցիների վնասի չափերին:

Մարզպետը հայտարարել է, որ 3 օրվա ընթացքում կվերականգնվեն Քեսաբի հիմնական ծառայությունները, ապա կոչ է արել քաղաքացիներին վերադառնալ իրենց քաղաք, իրենց բնակարաններ: Նա ահաբեկիչների արարքը որակել է իրական հանցագործություն:

Սիրիական բանակը հունիսի 15-ին վերահսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել: Քաղաքի կենտրոնում բարձրացվել է սիրիական դրոշը: Նահանջող ահաբեկչական խմբավորումների առջև թրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում