Հասարակական

Հայաստանը հեղինակային իրավունքի օրենսդրությունը մոտեցնում է ԵՄ դիրեկտիվներին եւ ՄՄ կանոնակարգերին

4 րոպեի ընթերցում

Հայաստանը հեղինակային իրավունքի օրենսդրությունը մոտեցնում է ԵՄ դիրեկտիվներին եւ ՄՄ կանոնակարգերին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը հեղինակային իրավունքի օրենսդրությունը մոտեցնում է թե Եվրամիության դիրեկտիվներին, թե Մաքսային միությունում գործող կանոնակարգերին:ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից«Հեղինակային իրավունքի մասին» նոր օրենքի նախագիծը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ, որոնք գործող օրենքում բացակայում են:Նոր օրենքի նախագծում ներառվել են նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաջարկությունները, որիիրավաբան Արկադի Սահակյանն«Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ եթե ստեղծագործությունն ունի երկու հեղինակ, ապա նրանցից մեկի մահից հետո ժառանգները կարող են օգտվել հեղինակային իրավունքից 70 տարի շարունակ, այնինչ գործող օրենքով՝ համահեղինակի մահից հետո իրավունքները փոխանցվում էին միայն երկրորդ համահեղինակին:Սա մեկն է այն փոփոխություններից, որ տեղ է գտել օրենքի նոր նախագծում։ «Քանի որ դաշտը արագ է փոփոխություններ կրում, կարիք եղավ կանոնակարգելու շատ դրույթներ։ Որոշվեց ոչ թե եղած օրենքը փոփոխել, այլ գրել բոլորովին նոր օրինագիծ։ Բացի բովանդակային մասից, օրենքի նախագիծը տվել է տեխնիկական հարցերի լուծումները։ Այստեղ հոդվածներն առաջ են գնում մեկը մյուսին լրացնելով, այնինչ, նախորդ օրենքում հոդվածի մի դրույթը հասկանալու համար հղում էր կատարվում նույն օրենքի մեկ ուրիշ հոդվածի, ապա ևս այլ հոդվածի՝ դժվարացնելով օրենքի ընկալումը։ Հիմա օրենքն ավելի համակարգված է և տեխնիկապես հարմարեցված»,-ասաց նա։ Սահակյանի խոսքով, նոր օրենքը հիմնականում պայմանավորված է ԵՄ հեղինակային իրավունքին վերաբերող դիրեկտիվների դրույթների փոփոխությամբ, իսկ որոշ կետեր փոփոխվել են՝ ելնելով Մաքսային միությունում գործող կանոնակարգերից։

«Հեղինակային իրավունքի մասին» նոր օրենքի նախագծով արտոնություններ են տրվում հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Եթե նախկինում նրանց թուլ չէր տրվում առանց հեղինակի թույլատվության հարմարեցնել ստեղծագործությունն իրենց օգտագործման համար, ապա օրենքի այս նախագծով այդ կետը շտկվել է։ «Սա հիմնականում վերաբերում է թույլ տեսողություն ունեցողներին։ Նրանք կկարողանան առանց հեղինակին դիմելու ստեղծագործությունը փոփոխել այնպես, որ հարմարավետ լինի դրա օգտագործումը»,-ասաց Սահակյանը։

Օրենքի մեկ այլ դրույթով անձանց հնարավորություն է տրվում օգտագործել որևէ հեղինակի ստեղծագործությունն այն դեպքում, եթե անձամբ չեն ճանաչում նրան և չգիտեն նրա բնակության վայրը։ «Այս պարագայում բացվում է դեպոզիտ հաշիվ, որի վրա փոխանցվում է անհրաժեշտ գումարը, և 3 տարվա ընթացքում ստեղծագործության հեղինակը կարող է օգտվել այդ գումարից»,-նշեց նա։

«Հեղինակային իրավունքի մասին» օրենքի այս նախագծով դյուրացվել է նաև համալսարաններում գրքերի թվայնացման հարցը։ Եթե նախկինում թույլ չէր տրվում դասագրքերը թվայնացնել առանց հեղինակների թույլտվության, ապա այժմ դա հնարավոր կլինի իրականացնել, սակայն այն պայմանով, որ թվայնացված գրքերը տեղադրվելու են փակ ռեսուրսներում և հասանելի են լինելու միայն ուսանողներին։

Նախագծում ավելացվել է նաև դրույթ, որը վերաբերում է հոսթինգ ծառայություններ մատուցող օպերատորներին։ «Նրանք կկարողանան կանխարգելել այն կայքերը, որտեղ տեղի է ունենում հեղինակային իրավունքների խախտում»,-ասաց Սահակյանը։

«Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը լրամշակումից հետո կներկայացվի ՀՀ կառավարություն:Գործող «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2006 թվականին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում