Աննա Հակոբյանի կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդման առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդման ուսումնասիրման արդյունքում տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում և հայտարարված է հետախուզում»,- ասաց Ավդալյանը։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Աննա Հակոբյանի հաղորդումն ուսումնասիրման փուլում է։ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ ընթացք էր տվել նրա հրապարակմանը, որում Հակոբյանը հայտնել էր իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ զգալու մասին։
Վերջին շրջանում Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում հրապարակումներ է տարածում՝ դատապարտելով ընտանիքում բռնությունը։ Հերթական տեսանյութում նա նշել էր, որ թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։
«Հուսով եմ՝ պետական մարմինները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ վնաս կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել էր Հակոբյանը՝ կանանց կոչ անելով չվախենալ և բարձրաձայնել ընտանիքում բռնության դեպքերի մասին։