ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու Ինտերպոլի գլխավոր քարտուղարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման հարցը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, սեպտեմբերի 9-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում՝ Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2026 թվականի համաժողովի ընթացքում, հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզային:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման և արտահանձնման գործընթացների արդյունավետության բարձրացման հարցեր:
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել կառույցների միջև արագ և անվտանգ տեղեկատվության փոխանակման ժամանակակից հնարավորություններին:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և իրավական համագործակցության խորացման վերաբերյալ։