2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ պատրաստվելով Ռուսաստանի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը՝ հանգրվանելով ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսում է մարզական հավաքը: Մարտի 3-ին` ժամը 18:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի փակ մարզումը: Հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիսներ:
Մարտի 4-ին` ժամը 10:00-ին, հատուկ չարտերային չվերթով Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը կմեկնի Կրասնոդար:Մարտի 4-ին` ժամը 17:30-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզդաշտում տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այնուհետև ժամը 18:00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ-ների համար:
Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում մարտի 5-ին` ժամը 18:00-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 5-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև: