Միջազգային խաղացողները Թուրքիային թույլ չեն տա միջամտել ԼՂ հակամարտությանը. թուրքագետ
2 րոպեի ընթերցում
![Միջազգային խաղացողները Թուրքիային թույլ չեն տա միջամտել ԼՂ հակամարտությանը. թուրքագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/02/749701.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հզոր խաղացողները Թուրքիային երբեք թույլ չեն տա որևէ կերպ միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և բանակցային գործընթացում ինչ-որ դերակատարում ստանալ: Փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: «Թուրքիան՝ որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, տարբեր առիթներ է օգտագործում և կօգտագործի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելու և ինչ-որ դեր ստանձնելու համար, սակայն դա նրան չի հաջողվի, քանի որ առաջին հերթին այդ բանը թույլ չեն տա միջազգային խաղացողները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրամիությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց նա:
Թուրքագետի խոսքով, Թուրքիան վերջին շրջանում իր վարած արտաքին և ներքին քաղաքականությամբ բավական խնդրահարույց պետություն է դառնում միջազգային խաղացողների, այդ թվում նաև Եվրամիության համար: «Վերջին շրջանում տարբեր միջազգային կառույցների կողմից Թուրքիայի վերաբերյալ զեկույցներում բավականին սուր քննադատություն է հնչում: Քննադատություններ են հնչել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի և Եվրամիության մակարդակով: Սա Թուրքիայի վրա գործադրվող ճնշում է, որը, իմ կարծիքով, էլ ավելի կուժեղանա»,- նշեց Հովսեփյանը:
Թուրքիան անկանխատեսելի երկիր է դառնում նույնիսկ իր դաշնակիցների համար, իսկ անկանխատեսելիությունն իր հետ բերում է նաև որոշակի վտանգներ, և, թուրքագետի խոսքով, արտաքին խաղացողները լավ են հասկանում, որ կարող է գալ մի պահ, երբ ռազմական ահռելի ներուժ ունեցող Թուրքիան կարող է դուրս գալ վերահսկողությունից, ուստի փորձում են նրան անընդհատ «զսպաշապկի» մեջ պահել: