1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 4-ին Մոսկվայում ընդունել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հանդիպումը կայացել է սիրիական հակամարտության լուծման շրջանակներում: Կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին պարզաբանել է, որ պատվիրակությունը մտադիր է Լավրովի հետ քննարկել հակամարտության քաղաքական լուծման ուղին: Կոալիցիայի մամուլի քարտուղար Մանզար Ակբիկը իր հերթին նշել է, որ Ահմադ Ջարբան Լավրովի հետ կքննարկի իշխանության փոխանցման վերաբերյալ հարցեր: Նա նաև ավելացրել է, որ սա Ջարբայի առաջին այցելությունն է Մոսկվա Սերգեյ Լավրովի հրավերով: Հանդիպման ընթացքում նախատեսված է քննարկել նաև սիրիական քաղաքներին մարդասիրական օգնություն հասցնելու, ինչպես նաև ձերբակալվածներին ազատ արձակելու վերաբերյալ հարցեր:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: