ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սոչիի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Երկու երկրների ղեկավարները արծարծել են ռուս-ամերիկյան շահերի ապահովման հարցերը, այդ թվում՝ «Սոչիի Օլիմպիադայի անվտանգ անցկացումը, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ը լիակատար աջակցություն է առաջարկել», նշվում է փաստաթղթում:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Պուտինը եւ Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյոյում Սիրիային նվիրված «Ժնեւ-2» միջազգային խորհրդաժողովի թեմատիկան եւ իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման շուրջ՝ շեշտը դնելով առեւտրատնտեսական ոլորտի համագործակցության վրա: