Վարչապետը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանի հոբելյանը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է անվանիխմբավար,դիրիժոր,ԽՍՀՄժողովրդականարտիստ Հովհաննես Չեքիջյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
«Արմենպրես»- ի փոխանցմամբ` վարչապետն իր շնորհավորական ուղերձում նշել է.
«Մեծարգո մաեստրո: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան փառավոր` 85-ամյակի առթիվ: Հայ մշակույթի համար մեծ բարեբախտություն է, որ 1961 թվականին Դուք, որ արդեն Կոստանդնուպոլսում մեծ հաջողություն էիք ձեռք բերել որպես տաղանդավոր խմբավար և դիրիժոր, վերադարձաք Հայաստան: Եկաք կյանքի կոչելու այն առաքելությունը, որի համար ծնվել եք: Այդ առաքելությունը հայ երգի հավաքական կերպարավորումն է, այդ երգի մեջ հայի լավագույն որակների ու հոգու արտացոլումը ու հենց հային և աշխարհին այդ ամենը ներկայացնելու հրամայականը: Եվ Դուք լավագույնս իրականացրիք այդ առաքելությունը: Հայ երաժշտական արվեստի խոր իմացությունը, խմբավարական բացառիկ կարողությունները, աշխատասիրությունն ու նվիրումը տվեցին իրենց արդյունքը: Ձեր շնորհիվ մեզ համար նորովի բացվեց հայ երգի գեղեցկությունն ու մաքրությունը, որ գալիս է դարերի խորքից, որ գալիս է կոմիտասյան ավանդներից, հենց Ձեր իսկ ընտանիքից և դաստիարակությունից, արվեստի, երաժշտության նկատմամբ անսահման սիրուց, հայրենիքի, աշխարհի ու մարդու հանդեպ ունեցած վերաբերմունքից: Եվ հայրենիքն ու հայ ժողովուրդը մեծապես գնահատեցին Ձեր ներկայությունը և ստեղծագործական ներդրումը: Դրա վկայությունն են այն անսահման սերն ու գնահատանքը, որով շրջապատվեցիք Դուք այսօր:
Սիրելի մաեստրո, անկեղծորեն խոստովանում եմ, որ հպարտություն և երջանկություն է լինել Ձեր ժամանակակիցը, վայելել Ձեր մեծ արվեստի բերկրանքը: Ուրեմն` երկար կյանք, քաջառողջություն և ստեղծագործական անսպառ ավյուն եմ մաղթում Ձեզ` ի նպաստ հայ մշակույթի և հայ ժողովրդի»,- նշված է վարչապետի շնորհավորական ուղերձում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 20-ին կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստՀովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Նիստում նշվել է, որ 2014թ.-ին կշարունակեն տոնել մեծանուն արվեստագետի հոբելյանը: