Կարծիքներ

2014-ը հաջող շրջան է ԼՂ խնդրի կարգավորման ակտիվ գործընթացը վերսկսելու համար. Կարեն Բեքարյան

2 րոպեի ընթերցում

2014-ը հաջող շրջան է ԼՂ խնդրի կարգավորման ակտիվ գործընթացը վերսկսելու համար. Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: 2014 թվականը հաջող ժամանակահատված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ակտիվ գործընթաց վերսկսելու համար, քանի որ 2012-2013 թթ. հակամարտության երեք կողմերում` Հայաստան- Ադրբեջան- Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ավարտվեցին բոլոր տեսակի համապետական ընտրությունները: Դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք արտահայտեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Նա նշեց, որ այդ գործընթացի սկիզբը դրվեց այս տարի Վիեննայում` շուրջ երկու տարվա դադարից հետո`Հայաստանի եւԱդրբեջանի նախագահների հանդիպմամբ: «Դրանով կարելի է ասել, որ սառույցը կոտրվեց»,- նշեց նա:

Բեքարյանի գնահատմամբ` Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ տեղի ունեցավ հռետորաբանության փոփոխություն. կողմերի մոտ առկա էր խնդրի կարգավորման ուղղությամբ կառուցողական կեցվածք ցուցադրելու ցանկություն: «Սակայն դրան զուգահեռ այս տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, որ հանդիպումից հետո սահմանին հայկական կողմը կրկին զոհեր է ունենում: Ինչ վերաբերում է հունվարին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կայանալիք հանդիպմանը եւ գարնանն ակնկալվող երկու երկրների նախագահների հանդիպմանը, ապա կողմերը «կճշտեն ժամացույցները» եւ կհաստատեն, որ գործընթացը շարունակվում է խաղաղ բանակցությունների շրջանակում»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Կարեն Բեքարյանը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի19-ին կայացած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորմանը, և հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում