Մարզային

Կապանը կկանգնեցնի Հայոց ցեղասպանության ճանաչմանը մեծապես նպաստած անձանց հիշատակի հուշարձան

2 րոպեի ընթերցում

Կապանը կկանգնեցնի Հայոց ցեղասպանության ճանաչմանը մեծապես նպաստած անձանց հիշատակի հուշարձան

ԿԱՊԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Կապանի ավագանու որոշմամբ Բաղաբուրջի հուշահամալիրում կկանգնեցվի ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած անձանց հիշատակը հավերժացնող հուշարձան:

Կապանի քաղաքապետին կից քաղաքաշինության, ճարտարապետության, մշակույթի խորհրդի հերթական նիստում փակ քվեարկությամբ որոշվել է, որ ներկայացված երկու էսքիզային աշխատանքներից պետք է կառուցվի «Կենաց ծառ» հուշարձանը, որի հեղինակը կապանցի գեղանկարիչ, քանդակագործ Լորիկ Մինասյանն է: Նիստին ներկա խորհրդի 12 անդամներից 10-ը քվեարկել է այդ նախագծի օգտին:

Հուշարձանը կլինի տուֆից կամ բազալտից, կունենա 4,5 մ բարձրություն: Հուշարձանի հիմքում հավերժությունը խորհրդանշող կենաց ծառն է, որի վերեւում կլինի նուռ:

«Ճեղքված նուռը եւ նրանից վայր ընկնող հատիկները մեզ հիշեցնում են այն հերոսներին, ովքեր հանուն հայրենյաց չխնայեցին իրենց երիտասարդ կյանքը: Իսկ աղավնիները խորհրդանշում են, որ Ցեղասպանության ճանաչման գործում մեր ժողովուրդն ընտրել է խաղաղ ճանապարհը: Հուշարձանը կնվիրվի ցեղասպանության ճանաչմանը նպաստած մարդկանց` Ֆրիտյոֆ Նանսենի, Հրանտ Դինքի, Սողոմոն Թեհլերյանի ու շատերի հիշատակին»,- «Արմենպրես»-ին ասաց հուշարձանի հեղինակը:

Նիստում քննարկվեց նաեւ «Հին Կապան` Սյունիքի թագավորության մայրաքաղաք 970-1170թթ.» հուշամեդալ ունենալու հարցը, որի խնդրանքով քաղաքապետին էր դիմել կապանցի ազգագրագետ Ռոբերտ Էջանանցին: Ներկայացված առաջարկն ընդունվեց խորհրդի կողմից: Մեդալի արտաքին տեսքի մշակման աշխատանքներով կզբաղվեն խորհրդի անդմները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում