Վերին Լարսում կուտակված հայկական բեռնատարների վարորդները սպասում են բարենպաստ եղանակի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում հայկական բեռնատարների կուտակում է առկա, իսկ ձյան տեղումները շարունակվում են: Հնարավորության դեպքում քարշակ միջոցների օգնությամբ բեռնատարները հաղթահարում են անցակետը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ապավեն» ընկերության փոխտնօրեն Արմեն Դավթյանը: «Եթե հնարավոր է լինում բեռնատարները բուքսիրի օգնությամբ անցնում են, եթե ոչ՝ սպասում են ճանապարհը մաքրվի, նոր անցնեն»,- նշեց Դավթյանը:
«Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա»-ի նախագահ Հերբերտ Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բեռնատարների կուտակումներ են առկա նաև Հայաստանի ճանապարհներին՝ մասնավորապես Ալավերդի-Վանաձոր հատվածում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում ձյան պատճառով պարբերաբար բեռնատարների խցանումներ են տեղի ունենում: Դեկտեմբերի 5-ին շուրջ 70 հայկական բեռնատարներ էին կուտակվել անցակետի երկու կողմերում: Նախորդ տարի «Վերին Լարս»-ում առատ տեղումների պատճառով շուրջ 300 հայկական բեռնատար էր արգելափակվել: