Մասնագետը վստահեցնում է`տաք եղանակը չի կարող երկրաշարժածին գործոն լինել
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասնագետները խորհուրդ են տալիս վերացնել արհեստականորեն առաջացած վախի մթնոլորտը ու չհավատալ այն թյուր կարծիքին, թե տարվա այս եղանակին համեմատաբար բարձր ջերմաստիճանը երկրաշարժածին գործոն կարող է լինել: «Երկրաշարժի վտանգ չկա: Եղանակը ձևավորվում է մթնոլորտում բավականին մեծ բարձրությունների վրա, իսկ երկրաշարժի օջախները գտնվում են տասնյակ և հարյուրավոր կիլոմետր խորությունների տակ: Մենք համաշխարհային վիճակագրությունից փաստ ունենք, որ երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 720 կմ խորության վրա, ու թեեւ մեր տարածաշրջանը բնորոշվում է համեմատաբար փոքր խորությունների օջախներով` մինչև 35 կմ, այդուհանդերձ, ուղղակի կապ երկրաշարժի առաջացման ու եղանակի միջեւ լինել չի կարող: Ցավոք, երկրաշարժ կարող է գրանցվել տարվա բոլոր եղանակներին ամենատարբեր ջերմաստիճանների դեպքում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն ու «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպում են երկօրյա համաժողով` «Հանրաին իրազեկումը որպես աղետների ռիսկերի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով: Համաժողովը կանցկացվի Երևանում` դեկտեմբերի 3-ին և 4-ին: «Համաժողովի նպատակը բնակչությանը իրազեկելն ու նախապատրաստելն է, քանի որ նրանց տեղեկացված լինելը կարևորագույն բաղադրիչ է, որպեսզի երկրաշարժ երևույթը չվերածվի աղետի: Այսինքն` սեյսմիկ ռիսկերի նվազեցման կարևորագույն բաղադրիչներից մեկը բնակչության տեղեկացվածությունն է: Կան երկրներ, օրինակ Ճապոնիան, որտեղ այս ցուցանիշը շատ ավելի բարվոք է, քան Հայաստանում: Սակայն դա մի պրոցես է, որն անընդհատ զարգանում է, իսկ հասարակության տեղեկացվածությունն օր օրի աճում է»,-ասաց Հրաչյա Պետրոսյանը` հավելելով, որ համաժողովին հրավիրված են մասնագետներ նաև արտասահմանից, ովքեր զեկույցներ կկարդան և նաև կներկայացնեն աշխարհի փորձը:
Նա նշեց, որ ԱԻ նախարարությունը մարդաշատ հաստատություններում հաճախակի է նման միջոցառումներ ու հանդիպումներ կազմակերպում: Նրանք լինում են բուհերում, դպրոցներում, մանկապարտեզներում, զորամասերում, քրեակատարողական հիմնարկներում և այլուր: Ներկայացնում են տարբեր թեմաներով զեկուցումներ, որոնք արտացոլում են սեյսմիկ պաշտպանության ոլորտի տարբեր կողմերը: «Լինում ենք նաև դեսպանատներում, բջջային կապի ընկերություններում: Նույնիսկ ոչ միայն ամռանը, այլև ձմռանը տարհանում ենք անցկացնում դպրոցներում»,-տեղեկացրեց նա:
25 տարի առաջ` 1988թ-ի դեկտեմբերի 7-ին` ժամը 11:41 րոպեին, Սպիտակ քաղաքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Էպիկենտրոնում ուժգնությունը եղել է 10 բալ: Երկրաշարժի պատճառով ավերվեց 10 հազար քառակուսի կմ տարածք, որտեղ ապրում էր 1 մլն բնակչություն: Ավերվեց 11 քաղաք, 58 գյուղ, տուժեց 21 քաղաք և 342 գյուղ: Անօթևան մնաց 514 հազար մարդ: Փլատակներից հանվել է 45 հազար կենդանի մարդ, հոսպիտալացվել`12 հազար 500-ը և մահացել 25 հազարը: Աղետի գոտուց տարհանվել է 120 հազար քաղաքացի: Երկրաշարժի պատճառով ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար: