Հայաստանը կմասնակցի ֆրանկոֆոնյան խաղերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կմասնակցի 2013թ. սեպտեմբերի 6-15-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացվելիք ֆրանկոֆոնյան խաղերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գործադիրը հատկացրեց 30 մլն դրամ:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի խոսքով՝ խաղերին մասնակցությունը թույլ կտա մեր մարզիկներին իրենց լավագույնս դրսևորել միջազգային ասպարեզում և ձեռք բերելու միջազգային փորձ:
ՀՀ կառավարությունը Ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի անդամակցության վճարը վճարելու նպատակով Լոռու մարզպետարանին հատկացրել է 1,650.0 եվրոյին համարժեք դրամ: Լոռու մարզը նշված ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել 2011 թ. նոյեմբերին. հաշվի է առնվել մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դ'Ազյուր տարածաշրջանի երկար տարիների համագործակցությունը:
ՀՀ կառավարությունը ևս 3 մլն դրամ տրամադրեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման, մասնավորապես` մեդալների և կրծքանշանների ձեռք բերման համար: