Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը:Դավութօղլուն Ալիևին է փոխանցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները իսլամական Ռամադան տոնի կապակցությամբ:Հանդիպման ժամանակ ընդգծվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացումը տարբեր բնագավառներում: Կողմերը հայտնել են իրենց վստահությունը, որ հետագայում ևս նման հարաբերությունները շարունակություն կստանան:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հուլիսի 17-ին ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիս էր տվել, որի ժամանակ հայտարարել էր, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին եւ պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ի պատասխան այս հայտարարության` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է.«Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին: Ուստի, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ` չխառնվի եւ չմիջամտի կարգավորման գործընթացին»: