Գարեգին Բ-ն ընդունել է իսպանացի նշանավոր գրող Գոնսալես Գուարչին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է իսպանացի նշանավոր գրող Գոնսալես Գուարչին, ում ուղեկցել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից,ողջունելով իսպանացի մտավորականի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունն իր բարեմաղթանքն ու օրհնությունն է բերել նրան և հանդիպմանը ներկա ընտանիքի անդամներին:
Գոնսալես Գուարչան իր հերթին շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և Վեհափառ Հայրապետին փոխանցել Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Հայկական կտակ», «Սպիտակ լեռ» և «Հայոց ծառը» ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձել է Գոնսալես Գուարչի ստեղծագործություններին` նշելով, որ գրողի ազնիվ զգացումներն արտահայտող ստեղծագործությունները մարդասիրական այն փաղանգի շարունակությունն են, որոնք իրենց ձայնն են բարձրացրել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել Գոնսալես Գուարչին հայ ժողովրդին և առհասարակ համայն մարդկությանը բերած ծառայությունների համար` մասնավորապես շեշտելով, որ իսպանացի գրողի պես անձանց ջանքերի շնորհիվ Հայոց ցեղասպանությունը պիտի ճանաչվի ու դատապարտվի բոլոր ժողովուրդների ու պետությունների կողմից: