Ռուսաստանն աջակցություն չի ցուցաբերում Սիրիայի կոնկրետ քաղաքական անհատների. Սերգեյ Լավրով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն աջակցություն չի ցուցաբերում Սիրիայի կոնկրետ քաղաքական անհատներին: Այդ մասին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի անգլերեն տեքստը հունիսի 11-ին տարածել Է ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Ռուսաստանը քանիցս հայտարարել Է, որ մենք կոնկրետ ոչ ոքի չենք աջակցում Սիրիայում, մեր գործողությունները չենք պայմանավորում անհատներով»,-նշել Է նա: Դրա հետ մեկտեղ Լավրովն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ ՍԱՀ-ի նախագահ Բաշար Ասադը «Փարիզի, Լոնդոնի եւ եվրոպական այլ մայրաքաղաքների բարեկամն Է եղել, եւ դա փաստ Է»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ասադը պետք Է հեռանա իր պաշտոնից, Լավրովն ընդգծել Է. «Որոշողը ես չեմ, այլ Սիրիայի ժողովուրդը»: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նաեւ նշել Է, թե «առկա են այն բանի նշանները», որ Սիրիայում պատերազմական հանցագործություններ են կատարել շատ մեծ թվով կողմերի ներկայացուցիչներ: «Այդ բոլոր դեպքերն անհրաժեշտ Է հետաքննել»,-ասել Է նա: «Սակայն,-շարունակել Է Լավրովը,-անհրաժեշտ Է հասկանալ, թե որոնք են մեր հիմնական նպատակները»: «Այսօրվա դրությամբ մեր հիմնական նպատակն Է՝ կանգնեցնել բռնությունը եւ որքան հնարավոր Է շատ կյանքեր փրկել: Մնացած ամեն ինչ կարող Է սպասել»,-ընդգծել Է նախարարը:
Սիրիային նվիրված Ժնեւի միջազգային խորհրդաժողովի ձգձգման կապակցությամբ Լավրովն ասել Է, թե դրա համար Մոսկվայում պատասխանատու են համարում Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիային: «ԱՄՆ-ի պաշտոնատարներն ընդունում են, որ ազգային կոալիցիան , որի վրա այդքան շատ փող Է ծախսվում մի շարք արտաքին հովանավորների կողմից, ոչ միայն պատրաստ չԷ բանակցություններին, այլեւ նույնիսկ չի կարողանում որոշել, թե իր կողմից ով Է լինելու պատասխանատու անձը»,- ասել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: