ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր զինակցին՝ Էսֆանդիյար Ռահիմ-Մաշայիին, նախագահական ընտրություններին մասնակցել չթույլատրելու կապակցությամբ մտադիր Է դիմել երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ:
«Իմ կարծիքով՝ գերագույն առաջնորդի հետ կապված ոչ մի խնդիր չի լինի, եւ ես այդ հարցը նրա առջեւ կդնեմ մինչեւ ամենավերջին պահը: Հուսով եմ, որ խնդիրը կլուծվի»,- Ահմադինեժադի հայտարարությունը մայիսի 22-ին մեջբերել Է իրանական ISNA գործակալությունը:
Իրանի Դիտորդական խորհուրդը նախօրյակին հաստատել է ութ մարդու թեկնածությունը, որոնք Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել: Ընտրություններին չի թույլատրվել մասնակցել Իրանի նախկին նախագահ, ներկայում Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիին:
Նախագահի թեկնածուներ են դարձել՝ իրանական միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցորդ Սայիդ Ջալիլին, Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ղոլյամ Ալի Հադադ Ադելը, Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքագլուխ Մոհամեդ Բաղեր Գալիբաֆը, Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուխանին, Իրանի նախկին փոխնախագահ Մոհամադ Ռըզա Արեֆը եւ կապի նախկին նախարար Սայիդ Մոհամադ Գարազին:
Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 14-ին:
Հավելենք, որ գործադիր իշխանության գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դրանց չի կարող մասնակցել, քանի որ Իսլամական Հանրապետության սահմանադրության համաձայն, նախագահն իրավունք չունի իր թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետով: