Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը պատմել է Թուրքիայում ծպտյալ հայերի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը թուրքական Bugun TV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ներկայում Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի մասին, որոնց թիվը, ըստ նրա, մոտ մեկ միլիոն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արքեպիսկոպոս Աթեշյանն ասել է, որ այդ մարդիկ հարկադրված են եղել թաքցնել իրենց ազգությունը եւ մահմեդական դառնալ Առաջին համաշխարհային տարիների ընթացքում հայերի հետ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների պատճառով:

«Թուրքիայում այսօրվա սերնդի մեջ մոտ 100 հազար մարդ կա, ում հայրն ու մայրը հայ են, իսկ իրենք` մահմեդական: Նրանք խոսում են հայերեն եւ գաղտնի խաչ են կրում: Դա ես պարզել եմ իմ անձնական կապերի շնորհիվ: Նրանք չեն ցանկանում եկեղեցի հաճախել, քանի որ կարող է այդպես բացահայտվել նրանց ինքնությունը: Չէ որ այդ մարդկանց մեծ մասը պետական ոլորտի աշխատողներ են: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագի ժամանակ 400-ից ավելի մարդ էր եկել, որոնց կեսից ավելին հայի արմատներ ունեցողներն էին: Իմ ընտանիքը եւս Դիարբեքիրում բնակվում է որպես մահմեդական: Դիարբեքիրի Սիլվանի շրջանում ապրում են իմ ավագ քրոջ որդիները: Նրանք 1950 թվականին ճնշման տակ իսլամ էին ընդունել: Փեսայիս ասել էին, որ եթե մահմեդականություն չընդունի, կսպանեն: Ես ծնվել եմ 1954-ին: Երբ 4-5 տարեկան էի, քույրս մահմեդական դարձավ: Նրանց երեխաները եւս մահմեդական դարձան: Քույրս թաքուն էր խաչ կրում եւ հայերեն խոսում: Ես նրանց կորցրեցի, որովհետեւ նրանք այլեւս մեր եկեղեցու հետեւորդները չեն, եւ ես նրանց չեմ կարող մկրտել: Ծպտյալ հայերից շատերն իրենց երեխաներին այդ մասին հայտնում են մահից առաջ: 30 տարեկան մի տղա եկավ եւ խնդրեց, որ մկրտեմ իրեն: Ես ասացի, որպեսզի ապացուցի իր հայ լինելը, չկարողացավ: Շատ գնալ-գալուց հետո նրա հայրը զանգեց եւ հայտնեց, որ իրենք հայ են եւ խնդրեց ընդունել իր որդուն: Նա ասաց, որ քաղաքապետարանում է աշխատում, երբ թոշակի անցնի, ինքը եւս կվերադառնա իր արմատներին: Տղայի խոսքով` Թունջելիի բնակչության 90 տոկոսը հայ է: Ես մկրտեցի այդ տղային, եւ այժմ նա մեր եկեղեցու անդամ է»,- պատմել է արքեպիսկոպոս Աթեշյանը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո