ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջազմեն Լեւոն Մալխասյանը եւ իր ղեկավարած խումբը պատիվ են ունեցել հանդես գալու մոսկովյան Կրեմլի դահլիճում կայացած համերգին` նվիրված էր «Գազպրոմի» 20-ամյակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armenianjazz.am կայքը, հանդիսատեսի շարքերում ներկա են եղել բազմաթիվ պատվավոր եւ բարձրաստիճան հյուրեր: Համերգը վարել են Ալեքսանդր Մարշալը եւ Իլոնա Բրոնեւիցկայան: Համերգի առաջին մասում ելույթ են ունեցել ռուս էստրադային երգիչներ, «Բոլշոյ տեատր»-ի բալետի մենակատարներ, նաև արտիստներ Բելառուսից, Ղազախստանից եւ Ուկրաինայից:
Հայ ջազմենները ամփոփել են համերգի առաջին մասը: Լեւոն Մալխասյանը, Նիկողայոս Վարդանյանը, Վահագն Հայրապետյանը, Արման Ջալալյանը եւ Արամոն ներկայացրել են 8 րոպե տեւողությամբ ինքնատիպ մի սուիտ, որի ընթացքում հնչել են հատվածներ Արամ Խաչատրյանի, Դյուկ Էլլինգտոնի ստեղծագործություններից եւ հայկական ժողովրդական մեղեդիներից:
Համերգի երկրորդ մասում հանդիսատեսն ունկնդրել է իտալացի տենոր Անդրեա Բոչելիին եւ համաշխարհային ռոք աստղ Սթինգին: