Երևանի ավագանու ընտրություններում հիմնական պայքարը կընթանա Տարոն Մարգարյանի և Արմեն Երիցյանի միջև. ՕԵԿ առաջնորդ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուի` Արմեն Երիցյանի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման կարծիք հայտնեց ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Սա ոչ թե քաղաքական, այլ անձանց ընտրություն է: Մենք տեսնում ենք Տարոն Մարգարյանի կատարած մեծ աշխատանքը, սակայն նշում ենք, որ կարող ենք անել ավելին` ցույց տալով մեր թեկնածուի` Արմեն Երիցյանի կատարած աշխատանքներն ու ներուժը»,- ասաց ՕԵԿ առաջնորդը:
Բաղդասարյանի հավաստմամբ` Արմեն Երիցյանն ունի բավարար ունակություններ կառավարելու մայրաքաղաքը: Արթուր Բաղդասարյանի կարծիքով` առաջադրված թեկնածուների մեջ կան մարդիկ, ովքեր նույնիսկ մեկ համատիրություն չեն ղեկավարել:
«Մենք կարծում ենք, որ ներկայում երկրում ստեղծվել է քաղաքական առողջ մրցակցության մթնալորտ, և քաղաքական բոլորը ուժերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց ծրագրերն ու կարծիքները»,- ասաց նա:
ՕԵԿ ղեկավարը հավաստիացրեց, որ եթե ընտրությունների ժամանակ արձանագրվեն որևէ տեսակի խախտումներ, իրենք անպայման կարձագանքեն` չկաշկանդվելով որևէ հարցից:
Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:
Քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: