«Հետահայաց». Հետաքրքիր բացահայտումներ Հովհաննես Թումանյանի 60-ամյա թանգարանի մասին

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է սիրված եւ ճանաչված գրող Հովհաննես Թումանյանի թանգարանի բացմանը: Թեմային անդրադառնալու օրը պատահական չի ընտրված, մի քանի օրից թանգարանը կնշի բացման 60-ամյա հոբելյանը: 1953 թվականի ապրիլի 5-ին «Սովետական Հայաստան»-ն ուրախությամբ արձանագրել է այդ կարեւոր եւ հետաքրքիր իրադարձությունը:

1953 թվականի ապրիլի 5-ին բացվեց Հովհաննես Թումանյանի թանգարանը…

Թանգարանն այն եզակի վայրերից էր դառնալու, որտեղ հայ ժողովուրդը կարող էր լինել սիրելի պոետի տանը, շփվել նրա արվեստի հետ, ընկալել նրա կենսական էներգիան:

1949 թվականին` բանաստեղծի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, նրա հիշատակը հավերժացնելու, գրական ու նյութական ժառանգությունը պահպանելու նպատակով, Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովի ղեկավարությամբ, որոշում էր ընդունվել Երեւանում թանգարան կառուցելու մասին: Թանգարանի առաջին մասնաշենքի նախագծի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետ (1950-1959թթ) Գրիգոր Աղաբաբյանն էր:

Նա դեռ 1944 թվականին Թիֆլիսում չափագրել էր Թումանյանի տունը, էսքիզներ արել, որոնց հիման վրա էլ շենքի երկրորդ հարկում նույն հատակագծով կառուցվել է բնակարանի կրկնօրինակը: Կազմակերպվել է բանաստեղծի թիֆլիսյան բնակարանի գույքի, անձնական գրադարանի, փաստաթղթերի տեղափոխման աշխատանքները, եւ լիովին վերամանգնվել է բանաստեղծի` թիֆլիսյան բնակարանի ներքին հարդարանքը Երեւանում: Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1953 թվականի ապրիլի 5-ին, թանգարանի տնօրենը դարձավ բանաստեղծի ավագ դուստրը` Աշխենը, ով շարունակեց այդ գործն իրականացնել մինչեւ 1966 թվականը; Նրանից հետո շուրջ 23 տարի թանգարանը տնօրինել է բանաստեղծի կրտսեր դուստրը` Թամարը, ում ջանքերով էլ կառուցվել է թանգարանի երկրորդ մասնաշենքը (Ճարտարապետ Արա Աղաբաբյան):

Փողոցի ճիշտ առանցքով պետք է կառուցվեր շենքը. Թումանյանն իր հստակ տեղը պետք է ունենար այս քաղաքում:

Թանգարանի հիմնադրման 60-ամյակին նվիրված գրքույկ կա հրատարակված, որտեղ ներկայացված են ժամանակակիցների եւ նրանց ժառանգների հուշերը թանգարանի ստեղծման պատմությունից: Գրքում ներկայացված է նաեւ թանգարանի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի աշակերտ, ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի հիշողությունները, որոնք մոտավոր պատկերացում են տալիս, թե ինչ ոգեւորությամբ եւ դժվարություններով է ընթացել թանգարանի կառուցումը: «Այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը որոշակի պլան էր դրել, որ փողոցի ճիշտ առանցքով պետք է կառուցվի շենքը. Թումանյանն իր հստակ տեղն այս քաղաքում պետք է ունենար: Նախկին Ալավերդյան թողոցը պետք է վերանվանվեր Թումանյան եւ ուղիղ, ուղղաձիգ փողոցը պիտի վերջանար Թումանյանի վեհաշուք թանգարանով: Աղաբաբյանը գեղեցիկ լուծում է տվել` երկկողմանի աստիճաններով, սլացիկ կամարներով շենքը կարծես փուլված է փողոցի հետ: Սկզբում Աղաբաբյանը ցանկություն ուներ շենքը կառուցել ոչ տուֆոֆ, կարծես ուզում էր այն առանձնացնել, շեշտել քաղաքի ընդհանուր վարդագույն ֆոնի վրա, բայց ի վերջո արվեց, այն, ինչ որ արվել է: Եվ այն ժամանակների համար դա եղավ մի հրաշալի կառույց»,- պատմելէ Ջիմ Թորոսյանը:

Իսկ ահա ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գոհար Գրիգորյանն էլ փոխանցել է, որ 1949 թվականին սկսվել է շինարարությունը: Օգտագործվել է Արթիկի սրբատաշ տուֆ, որը գնացքով տեղափոխել են Երեւանի կայարան եւ ինքնաթափերով բերել շինհրապարակ:

Թեեւ մեղմ անձրեւ էր մաղում, չեք պատկերացնի, թե որքան մարդ էր եկել, ասեղ գցելու տեղ չկար. Թանգարանի առաջին էքսկուրսավար

Թանգարանի առաջին էքսկուրսավար Վարսիկ Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը թանգարան է գնացել 1952 թվականին Ռուբեն Զարյանի ուղեկցությամբ: «Այդ տունը ես հաճույքով եմ հիշում, որովհետեւ այն կարծես մի մեծ հայկական ընտանիք լիներ` իր ավանդույթներով, իր ջերմությամբ, ուր նաեւ իշխում էր արիստոկրատիզմն ու բարեկրթությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով` սկզբում շատ հաստիքներ չկային` ընդամենը չորսը: «Մեկը տնօրենն էր` Աշխեն Թումանյանը, մյուսը գիտաշխատոսն էր` Արփիկ Ավետիսյանը, երրորդը ես էի` էքսկուրսավարը, իսկ չորրորդը հավաքարարն էր` տիկին Երանուհին»,- ասաց նա:

Վարսիկ Գրիգորյանն այսօր էլ լավ է հիշում թանգարանի բացման օրը: «Թեեւ մեղմ անձրեւ էր մաղում, չեք պատկերացնի, թե որքան մարդ էր եկել` ամբողջ աստիճաններին, Թումանյան փողոցում վերից վար ասեղ գցելու տեղ չկար: Ինձ թվաց ամբողջ Հայաստանն այդ օրը հավաքվել էր այդտեղ: Այն աստիճանի, որ Իսահակյանն իր տնից չէր կարողանում տեղ հասնել, միլիցիոներներն էին գնացել, մարդկանց բազմությունը ճեղքել ու նրան մի կերպ հասցրել թանգարան: Այցելուները անսահման շատ էին` սկսած առաջին օրվանից եւ միշտ: Հազիվ էինք հասցնում էքսկուրսիաներ վարել»,- ուրախությամբ եւ ոգեւորությամբ պատմեց նա:

Աշխեն Թումանյանը պատմել է, որ տանիքի թիթեղը հենց սկզբից վատն է եղել, պատշգամբն ունեցել է թեքություն, իսկ դռներն ու պատուհանները լավ չեն փակվել:

Թումանյանի դուստր Աշխեն Թումանյանն ուշագրավ գրառումներ է թողել թանգարանի գործունեության ընթացքի մասին: Նա պատմում է, որ թանգարանի էքսպոնատների ձեւավորումը, կահավորումը նմանվի Մոսկվայի թանգարաններին: Սակայն դժբախտաբար իրեն չի հաջողվել նախքան բացումը գնալ Մոսկվա: Թեեւ շենքի բացումն արդեն իրականություն էր, այնուամենայնիվ, խնդիրներից խուսափել չի հաջողվել: Աշխեն Թումանյանը պատմել է, որ տանիքի թիթեղը հենց սկզբից վատն է եղել, պատշգամբն ունեցել է թեքություն, իսկ դռներն ու պատուհանները լավ չեն փակվել: Ինչպես շատերն են գրել տպավորությունների գրքում` «Ահավոր ցուրտ էր»:

Այդ խնդիրները լուծվել են տարիների ընթացքում:

1953 թվականին հաճախորդների թիվը կազմել է 46 հազար, իսկ 1954 թվին` 48 հազար: 2012 թվականին թվաքանակը կազմել է շուրջ 40 հազար:

Ամենամեծ առանձնահատկությունը Թումանյանն ինքն է. Նարինե Թուխիկյան

Թանգարանն արդեն 60 տարի է ինչ գործում է: Այս ժամանակաշրջանում այցելուների հետաքրքրությունը ոչ միայն չի մարել, այլեւ ավելացել է եւ շարունակում է աճել: Նարինե Թուխիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր կարծօքով դրա պատճառը հենց Թումանյանն է` բացառիկություն, ով անկրկնելի է եւ անփոխարինելի: «60-ամյա թանգարանի խնդիրը եւ պարտավորությունը ճանապարհը դեպի թանգարան շատ ավելի գրավիչ դարձնելն է: Թումանյանն այն համաշախարհային կերպարներից է, որ արժի իրեն ճանաչել»,- նշեց տնօրենը:

Թանգարանի հետ կապված երազանքները շատ են, սակայն իրականանալի: «Այն ինչ մտածում եմ կամ երազում անհնար չէ: Ինչ ուզում եմ, իրականանալի է մի քիչ կամքի դեպքում` ոչ միայն մեր, այլեւ ուրիշների կողմից: Ամեն մի հայ պետք է իր լուման ունենա Թումանյանի համար` դա կլինի հրատարակչական գործում աջակցություն, վերանորոգման առումով կամ ուղղակի մեկ տոմս գնելով: Բացի այդ մեր նպատակն այն է, որ մեկենասներն իրենք հերթ կանգնեն օգնելու համար: Վստահ եմ, որ այն մարդիկ ովքեր կարողություն ունեն, կգան եւ կառաջարկեն իրենց օգնությունը»,- լավատեսորեն նշեց Նարինե Թուխիկյանը:

Գիրքը գրի առնելիս գեղեցիկ զգացում ունեի` կարծես ես էլ էի այնտեղ. Թանգարանի պատմությունը ներկայացնող գրքի կազմող

Ինչպես վերեւում նշեցինք, Թանգարանի հիմնադրման 60-ամյակին նվիրված գրքույկ կա հրատարակված, որտեղ ներկայացված են ժամանակակիցների եւ նրանց ժառանգների հուշերը թանգարանի ստեղծման պատմությունից: Գրքի ստեղծման նախաձեռնությունը թանգարանինն է եղել. այն կազմել է թանգարանի գիտաշխատող Անահիտ Նալբանդյանը: Նրա տեղեկցմամբ` Հասմիկ Կարապետյան անունով մի կին այն մարդկանց խոսքն է ձայնագրել, ովքեր ներկա են եղել բացման արարողությանը, աշխատել, կապ են ունեցել թանգարանի ստեղծման ժամանկահատվածում այստեղ ապրող եւ աշխատող մարդկանց հետ: «Ձայնագրությունները վերծանել եմ ինքս` հիմնականում առանց որեւէ խմբագրման աշխատանքի, աննշան փոփոխություններով; Ցանկացել ենք, որ ներկայացվի կենդանի խոսքը»,- ասաց նա` հավելելով, որ գրքում ամենայն մանրամասնությամբ դրվել են փաստաթղթեր, որոշումներ, որոնք վկայում են թանգարանի ստեղծման մասին:

Իր գրի առած հուշերից դժվարանում է առանձնացնել որեւէ մեկը, քանի որ յուրաքանչյուրի հուշն էլ , պատմությունն էլ առանձնահատուկ ջերմություն էր իր մեջ պարունակում: «Միայն մի գեղեցիկ զգացում ունեի` կարծես ես էլ էի այնտեղ, ներկա, կարծես ես էլ էի ներկա այդ ամենին»,- ասաց գիտաշխատողը:

Նրա կարծիքով եւս թանգարանի գլխավոր առանձնահատկությունը Թումանյանի մեծությունն է, նա ժամանակ չի ճանաչում:

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը

Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի եւ թանգարանի արխիվից

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում