Միջազգային

Սիրիական ընդդիմությունը պատրաստ է երկխոսության առանց լրացուցիչ նախապայմանների. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

Սիրիական ընդդիմությունը պատրաստ է երկխոսության առանց լրացուցիչ նախապայմանների. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ընդդիմությունը վերջին շրջանում Սիրիայի կառավարության հետ առանց լրացուցիչ պայմանների երկխոսելու պատրաստակամության մասին վկայող նշաններ է ցույց տալիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին մարտի 8-ին BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Վերջին շրջանում ես բավարարվածությամբ եմ նկատում որոշ կառուցողական տարրեր սիրիական ազգային կոալիցիայի դիրքորոշման մեջ»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները եւ նրանց աջակիցները սկսել են կառավարության հետ, առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջելու, երկխոսելու պատրաստակամության մասին վկայող նախանշաններ ցուցադրել:

Լավրովը նշել է, որ այժմ միջազգային հանրության գլխավոր խնդիրն այդ մղումներին աջակցելն է: «Այդ հարցը ես նույնպես կքննարկեմ իմ բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ (Լոնդոն առաջիկա այցի ժամանակ)»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Սիրիայում ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ պայքարը չի դադարում դեռեւս 2011 թվականի մարտ ամսից: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում հակամարտության զոհ է դարձել ավելի քան 60 հազար մարդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում