ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի արվարձաններից մեկում փետրվարի 20-ի երեկոյան հայ է առեւանգվել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: Առեւանգված հայը մոտ վաթսուն տարեկան Ներսես Աղայանն է: Նրան առեւանգել են հանրային տրանսպորտից. զինյալները կանգնեցրել են տրանսպորտը, սկսել ստուգել ուղեւորների անձնագրերը, որից հետո Ներսես Աղայանին իջեցրել են ու տարել անհայտ ուղղությամբ: Ռեյիսյանը նաեւ նշեց, որ նրան ազատ արձակելու համար փրկագին են պահանջում:
Ինչ վերաբերում է մյուս հայ առեւանգվածներին` Գեւորգ Կարագուլյանին եւ հայ հոգեւորականին, մամուլի քարտուղարի խոսքով, դեռ նոր տեղեկություններ չկան:
Անդրադառնալով Հալեպում տիրող իրավիճակին` Ռեյիսյանը տեղեկացրեց, որ այժմ հանդարտ է, թեպետ մերթընդմերթ կրակոցների ձայներ են լսվում:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: