Հայաստանի ԿԸՀ-ն էապես պատրաստ է կազմակերպված և լավ ղեկավարվող ընտրությունների անցկացմանը. IFES-ի Հայաստանի գրասենյակի տնօրեն

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 12 կազմակերպություններ` 632 դիտորդով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդական կազմակերպություններից է նաեւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES), որի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էյջվորդի հետ նախընտրական գործընթացների վերաբերյալ զրույցել է «Արմենպրես»-ի թղթակիցը:

-Ինչպես ե՞ք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը, մասնավորապես ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ ՀՀ ոստիկանության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությունը:

-IFES-ի եւ ՀՀ ոստիկանության միջեւ ավելի լավ համագործակցության մասին մտածելու կարիք նույնիսկ չկա: Մենք նրանց օգնել ենք իրականացնել «Դռնեդուռ» այցեր ծրագիրը: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ՀՀ ոստիկանության հետ մենք կառուցողական հարաբերություններ ենք հաստատել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությունը նույնպես ավելի լավ չէր կարող լինել: Իհարկե, ընթացակարգերը բարելավելու անհրաժեշտություն միշտ էլ կա. ընտրողների գրանցման վերաբերյալ ոչ բոլոր խնդիրներն են լուծված եւ այս հարցի վերաբերյալ անհանգստությունը դեռեւս պահպանվում է: Բայց մենք այս հարցի շուրջ մեր անհանգստությունը ՀՀ ոստիկանությանը եւ ԿԸՀ-ին հայտնել ենք եւ նրանց հետ կիսում ենք ընտրացուցակները ճշգրտելու եւ այնտեղից մահացածների անունները հանելու պարտավորվածությունը: Մենք այցելել ենք Գյումրի, Վանաձոր ու նաեւ Երեւանում եղել ենք այնպիսի հասցեներում, որտեղ ավելի քան 10 մարդ է գրանցված եղել: «Դռնեդուռ» այցերի ընթացում մենք հիմնականում այսպիսի հարցերի վրա ենք սեւեռում մեր ուշադրությունը: IFES-ը մասնակցություն է ունեցել նաեւ հատուկ աշխատանքային խմբի ստեղծման եւ այցերի արդյունքների մասին զեկույցների պատրաստման աշխատանքներին:

-Դուք հետեւե՞լ եք ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներին:

-Ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներին հետեւելը իմ պարտականությունն է: Հսկայական աշխատանք է տարվել ընտրացուցակներում մահացած մարդկանց անունները բացառելու համար: Աշխատանքներ են տարվել նաեւ ընտրացուցակներում գոյություն չունեցող հասցեները բացառելու համար: Ամբողջ տեղեկատվությունը այս պահին էլեկտրոնային տարբերակով տեղադրված է ՀՀ ոստիկանության եւ ԿԸՀ-ի կայքերում: ՀՀ քաղաքացիներն այս պահին կարող են համացանցում գտնել իրենց տան հասցեն եւ այդտեղ բնակվող եւ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անունները: Այսպիսի ցուցակի հրապարակումը արդեն իսկ առաջընթաց է: Վերջին շրջանում շատ էին քննարկումները եւ քննադատությունները՝ ընտրություններից հետո քվեարկած անձանց ցուցակի հրապարակման հնարավորության վերաբերյալ, որի շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե ով է մասնակցել ընտրություններին, ով՝ ոչ: Դա սովորական ընթացակարգ է, սակայն հարկավոր է ուշադիր ուսումնասիրել այն եւ հասկանալ, թե ինչպես է պետք դա իրականացնել: Չի կարելի հաշվի չնստել հասարակության որոշակի ցինիզմի եւ անվստահության հետ: Օրինակ՝ շատ է խոսվում այն մասին, որ ընտրություններից հետո ոստիկանությունը կարող է հրապարակված տվյալների շնորհիվ պարզել, որ մարդիկ նշված հասցեում չեն ապրում կամ ընդհանրապես երկրից դուրս են գտնվում: Այսպիսի մեխանիզմ ստեղծելուց առաջ անհրաժեշտ է առաջին հերթին հասարակության մեջ վստահություն սերմանել: Եվ շատ կարեւոր է, որպեսզի հասարակությունը հավատա, որ կառավարությունն ու ոստիկանությունն ամեն հնարավոր բան անում են ընտրությունների ժամանակ ավելի բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար: Սակայն, 2007թ.-ից կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներն առայժմ չեն ստեղծել այդ հավատը:

-Որո՞նք են ընտրություններից հետո ընտրողների ցուցակի հրապարակման իրական առավելությունները:

-Նման դեպքում հնարավոր կլինի իմանալ ընտրություններին հասարակության մասնակցությունը՝ սեռային բաժանմամբ: Հնարավոր կլիներ իմանալ, օրինակ, թե որքան կին է քվեարկել, ինչը թույլ կտա հավաքել համապատասխան ժողովրդագրական տեղեկատվություն: Օրինակ, նմանատիպ վիճակագրությունը ցույց կտա, թե քանի 21- ամյա երիտասարդ է մասնակցել քվեարկությանը` 62-ամյա մարդկանց համեմատ: Դա, ի վերջո, թույլ կտա ներդնել «խելացի ընտրական կառավարման» ընդունված պրակտիկան:

Հայաստանում դրա համար իրավական հիմքը չկա և ներկայում չկա այդպիսի համակարգի ներդրման համար ինստիտուցիոնալ գործընթաց: Բայց, այդուհանդերձ, դա կարող է զարգանալ` այդ մեխանիզմի նկատմամբ հասարակության վստահության հաստատման հետ մեկտեղ` հաշվի առնելով, թե դա որքանով կառնչվի մասնավոր հարցերին: Հնարավոր է` ես չեմ ուզում, որ հայտնի լինի քվեարկել եմ արդյոք, թե` ոչ: Այդ պատճառով անհրաժեշտ է այդ մեխանիզմի ներդրման համար մտածել մեթոդ և անհրաժեշտ սահմանափակումներ:

-Դուք համարո՞ւմ եք, որ դա ի օգուտ ընտրական գործընթացի կլինի:

-Կարծում եմ այո, եթե համապատասխան աշխատանքն անցկացվի անհրաժեշտ կերպով, մարդկանց մոտ դրան չվստահելու պատճառներ չեն լինի: Դրա հետ մեկտեղ, կրկնում եմ, որ ես չեմ գտնում, որ ընտրացուցակը իդեալական է, սակայն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է ընտրացուցակի ճշգրտության համար: Դա նրանց ձեռքերում է: Դուք կարող եք բողոքարկել ցուցակի հավաստիությունը, մեղադրանքներ հնչեցնել, բայց ձեր կողմից սխալ կլինի, եթե ձեզ գրանցեն այն ցուցակում, որտեղ դուք չեք ապրում և դուք չխոսեք դրա մասին: Այդուհանդերձ, 2008 թվականից հետո գրանցված առաջընթացը ցնցող է՝ դատելով այն ջանքերից, որոնք ներդրվել են ընտրացուցակները լավացնելու համար:

-Կարե՞լի է ասել, որ մենք պատրաստ ենք անցկացնել Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրությունները:

-Իմ կարծիքով` ԿԸՀ-ն էապես պատրաստ է կազմակերպված և լավ ղեկավարվող ընտրությունների անցկացմանը: Մենք մասնակցել ենք ընտրատեղամասերի և տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատակիցների նախապատրաստմանը: Նախորդ ընտրությունների համեմատ, նախապատրաստական դասընթաց անցնել ցանկացողների թիվը աճել է, ոմանք ձգտել են կրկնակի դասընթաց անցնել: Ընտրությունների մասնակիցների հետ ուղիղ կապի առկայությունը, երբ առաջին անգամ մարդիկ կարող են տեսնել, թե ինչպես են նրանք քվեարկում: Ապահովված է մեծ թափանցիկություն` ինչպես ընտրական հանձնաժողովի համարժեք պատրաստվածության, նաև բողոքների հետ առնչվելիս: Այս գործում դա մեծ առաջընթաց քայլ է:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա