Գարեգին Բ-ի խնդրանքով Իվանիշվիլին հանձնարարել է կազմակերպել «Հայոց պատմության» դասավանդումը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունվարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանիուղեկցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ խոսել է երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի մասին` վստահություն հայտնելով, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա միջպետական համագործակցության զարգացման համար:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձել է Վրաստանում հայկական պատմական սրբավայրերի պատշաճ պահպանման ու վերականգնման, ինչպես նաև հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար անհրաժեշտ մի շարք հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրին: Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Վրաց պետության կողմից անհրաժեշտը կձեռնարկվի հիշյալ խնդիրներն ըստ պատշաճի լուծելու ուղղությամբ:
Վիրահայ համայնքի անունից Նորին Սրբությունը խնդրանքով դիմել է պրն. Իվանիշվիլիին, որպեսզի Վրաստանի հայկական դպրոցներում դասավանդվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկան: Վեհափառ Հայրապետը նաև միջնորդություն է ներկայացրել Վահագն Չախալյանի ազատ արձակման համար:
Իր հերթին Վրաստանի վարչապետը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցելության առիթով, խոսել է հայ-վրացական դարավոր բարեկամության մասին` ընդգծելով նաև, որ մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ապա վարչապետն անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից բարձրացված խնդիրներին` տեղեկացնելով, որ անձնապես հանձն է առնում եկեղեցիների նորոգությունը և անհրաժեշտ բոլոր քայլերն անմիջապես կձեռնարկվեն հայկական եկեղեցիների պահպանության ուղղությամբ: Իվանիշվիլին նաև հանձնարարական է տվել «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասավանդումը հայկական դպրոցներում կազմակերպելու համար, իսկ Վ. Չախալյանի առնչությամբ հայտնել է, որ խնդիրը քննարկման փուլում է:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը: