Թուրքիայի համար Չաք Հեյգելը Քերիից ավելի կարեւոր է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեեւ Թուրքիայում բավականությամբ են ընդունել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի թեկնածության առաջադրումը նախագահ Բարաք Օբամայի կողմից, սակայն, Թուրքիայի վրա ազդեցություն ունենալու տեսակետից, շատ ավելի կարեւոր է, թե ովքեր են ղեկավարում Պենտագոնն ու Սպիտակ տունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնում CNNTurk-ի տեղեկատվական բաժնի խմբագիր Ահու Օզյուրթը:

«Քերին արտաքին քաղաքականության մեջ կարեւոր եւ փորձառու դերակատար է: Նա մշտապես հանդիպել է Վաշինգտոն այցելած Թուրքիայի վարչապետի եւ նախագահի հետ, սակայն, դեռեւս հայտնի չէ` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Քերին կշարունակի Թուրքիան Եվրոպային երկար ժամանակ մոտ պահելու Հիլարի Քլինթոնի ցանկությունը, թե ոչ: Պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Պենտագոնի դերն ավելի կարեւոր է եւ Անկարային պետք է մտահոգի այն հարցը, թե Օբաման ԱՄՆ պաշտպանության նախարար կնշանակի Անկարայի հետ մոտ կապեր ունեցող Չաք Հեյգելին, թե ոչ:

Նեբրասկայի նախկին հանրապետական սենատոր Չաք Հեյգելը որոշ ժամանակ դուրս էր մնացել Սենատից եւ աշխատել որպես խորհրդական Atlantic Council ու CSIS կարծիքի ուսումնասիրման կազմակերպություններում: Արմատներով զինվորական Հեյգելը մշտապես մասնակցել է Վաշինգտոնում թուրքական կազմակերպությունների եւ Կոնգրեսում թուրքական լոբբիստների հավաքներին: Նա, ի տարբերություն բազմաթիվ ամերիկացի քաղաքական գործիչների, Աթաթուրքի հեղափոխությունները նվազագույնը թուրքերի չափ իմացող անուն է, եւ եթե նա նշանակվի ԱՄՆ պաշտպանության նախարար, ապա կլինի Թուրքիայի հետ բարեկամության համար Պենտագոնի դերն ամենալավ գիտակցող նախարարներից մեկը»,-կանխատեսում է թուրք խմբագիրը: Նրա կարծիքով` Չաք Հեյգելի` Թուրքիայի բարեկամը լինելն առաջիկա ժամանակաշրջանի համար խիստ կարեւոր է այն առումով, որ մոտենում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, եւ այն ճանաչելու ու դատապարտելու հարցում Կոնգրեսի վրա ճնշումն ավելի մեծանալու է: 2015 թ-ի ապրիլը մոտենալու հետ ԱՄՆ Կոնգրեսում հավասարակաշռությունները կարող են սրվել, քանի որ Կոնգրեսի արտաքին հարաբերությոնների հանձնաժողովի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Թուրքիային ավելի հեռու պահող` Իսրայելին մոտ կանգնած անձ, եւ Կոնգրեսում ավելի հաճախ քննարկման դրվել Թուրքիայում խոսքի ազատության, բանտարկված լրագրողների եւ ուսանողների հետ կապված հարցեր: Արդեն երկար ժամանակ Վաշինգտոնն Անկարային չի նայում որպես «մշտական դաշնակցի» եւ Թուրքիային համարում է «ուժեղացող եւ անորոշ ուղղություն որդեգրած ճոճանակ պետություն»:

Հայերեն

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է «Մեքքայի համաձայնագրի» ռազմական բաղադրիչի մանրամասները

«Եվրատեսիլ-2027»-ը կհյուրընկալի բուլղարական Բուրգասը

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը

Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ Փաշինյան

Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը

Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ հարաբերությունները․ Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Մեր ռազմավարությունն է էներգետիկ 100 տոկոսանոց անկախություն ունենալը. Նիկոլ Փաշինյան