Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը եւ Կիպրոսի խորհրդարանի նախագահը քննարկել են Թուրքիայի` միջազգային օրենքին դեմ քայլերը

3 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ , 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Մայրավանքի Վեհարանում ընդունել է պաշտոնական այցով Լիբանան ժամանած Կիպրոսի խորհրդարանի նախագահ Եաննաքիս Օմերուին դեկտեմբերի 4-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿիլիկիայիՀայոց կաթողիկոսարանից` ողջունելով Խորհրդարանի նախագահի այցելությունը` Վեհափառ Հայրապետն ասել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի ժողովուրդների միջեւ առկա են տնտեսական, կրոնական ու մշակութային հատուկ կապեր, եւ որ երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունն ու գործակցությունը կշարունակվի «այսօր մանավանդ, երբ Թուրքիայում ծավալապաշտական քաղաքականությունը կշարունակվի ոչ միայն Կիպրոսսից, այլեւ ամբողջ շրջանից ներս: Թուրքիան արդարության մասին է խոսում, սակայն ինքը դարձած է անարդարության ռահվիրան: Թուրքիան արտահայտվում է բռնագրավման դեմ, սակայն ինք բռնագրաված է պահում Կիպրոսի կեսը»,- նշել է Վեհափառ Հայրապետը: Նրա խոսքով` Թուրքիան մարդկային իրավունքների ջատագով է ներկայանում միջազգային համայնքին` իր երկրում անտեսելով մարդկային տարրական իրավունքները: Հայրապետի գնահատմամբ` Միջին Արեւելք Թուրքիայի թափանցումը, տարածաշրջանի երկրների ներքին կյանքին միջամտությունը հեռավոր նպատակներ հետապնդելու նշաններ են:

Վեհափառն անհրաժեշտ է համարում Հայաստանի եւ Կիպրոսի եկեղեցիների ու ժողովուրդների գործակցումը` արգելելու Թուրքիայի մուտքը Եվրոպա:

Վեհափառը խոսել է նաեւ Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող հայկական եկեղեցիների ու կալվածքների մասին` նշելով, որ «Կիպրոսի մեր ժողովուրդն օրինավոր սեփականատէրն է այդ բոլորին»:

«Թուրքիան իրավունք չունի գրաված պահելու, զանոնք քանդելու, գործածելու կամ վարձու տալու. նման արարքներ դեմ են միջազգային օրենքին: Քաջատեղեակ ենք, որ Կիպրոսի կառավարությունը հետեւողական կերպով հետապնդում է այս հարցը եւ վստահ ենք, որ վերանորոգ թափով պիտի շարունակի իր աշխատանքը միջազգային համայնքներից ներս»,- հավելել է Հայրապետը:

Կիպրոսի Խորհրդարանի նախագահն իր հերթին հատուկ կարեւորությամբ անդրադարձել է հայ եւ կիպրացի ժողովուրդների դարավոր հարաբերություններին`շեշտելով դրանց զարգացման անհրաժեշտությունը:

Նա անդրադարձել է նաեւ Թուրքիայի կողմից Կիպրոսի մի հատվածի գրավման բացասական հետեւանքներին` ընդգծելով, որ այդ հարցն իր պետության համար շարունակում է մնալ որպեսառաջնահերթություն:

«Թուրքիան շարունակում է քանդել կրոնական ու մշակութային կառույցներն ու այլափոխել Կիպրոսի գրավյալ շրջանի դիմագիծը»,-ասել է Կիպրոսի Խորհրդարանի նախագահը:

Վեհափառ Հայրապետը, Կիպրոսի Խորհրդարանի Նախագահը եւ ներկաներն այցելել են Մայր Տաճար ու նահատակաց հուշարձան, ուր Վեհափառ Հայրապետն աղոթք է կարդացել Հայոց ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին:

Հայերեն