Միջազգային

Դիպուկահարի գնդակից Հալեպում հայ կին է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Դիպուկահարի գնդակից Հալեպում հայ կին է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասի մոտակայքում գտնվող Բուսթան Բաշա թաղամասում նոյեմբերի 29-ի առավոտյան թեժ մարտեր են սկսվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ այսօրվա մարտերը բնակիչները որակում են որպես ամենածանր մարտերից մեկը: Պատճառած վնասների մասին, սակայն, այս պահին տեղեկություններ չկան:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ առավոտյան դիպուկահարի արձակած գնդակից կրկին հայ է վիրավորվել: Վիրավորված հայ կնոջը տեղափոխել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տվել: Նախնական տեղեկություններով` կնոջ վիճակը ծանր չէ:

Պայթյուն է տեղի ունեցել նաեւ Սուլեյմանիա թաղամասում, որտեղ դիպուկահարի գնդակից նաեւ մեկ աղջիկ է վիրավորվել, ով հայ չէ:

Ռեյսիյանի տեղեկացմամբ` այս պահին իրավիճակը փոքր-ինչ հանդարտ է, հատկապես կենտրոնական թաղամասերում: Սակայն բնակիչները չափազանց զգուշավոր են:

Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա մայրաքաղաքում բնակվող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ հայաշատ Ջարամանայում սգի օր է հայտարարվել, այսօր տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին ահաբեկչության հետեւանքով զոհվածների թաղման արարողությունը: Բոլոր խանութները փակ են: Բարեբախտաբար նոր պայթյուններ եւ բախումներ չկան:

«Սուրիահայութեան շտապ օգնության մարմին» կազմակերպության անդամներից Րաֆֆի Ավետիսյանը միջինարեւելյան հայկական «Ազատ հայ» պորտալին տեղեկացրել է, որ առկա տվյալների համաձայն` Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 40-ից ավելի եւ վիրավորվել 66 հայ: Նաեւ յոթ առեւանգված հայեր կան եւ երկու անհայտ կորած զինծառայողներ: Շուրջ 200 բնակարաններ վնասվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում