Միջազգային

Հալեպում դիպուկահարի գնդակից հայ կին է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում դիպուկահարի գնդակից հայ կին է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Նոր Գյուղ թաղամասում նոյեմբերի 19-ին ազգային ճեմարանի մոտակայքում դիպուկահարի փամփուշտից միջին տարիքի հայ կին է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ Հալեպի հայկական Շտապ օգնության մարմնի երիտասարդ անդամներն օգնության են հասել եւ կնոջը տեղափոխել հիվանդանոց: Այժմ նա բժիշկների հսկողության տակ է: Ռեյիսյանի խոսքով` նշված տարածքը մշտապես դիպուկահարների թիրախում է եւ անհրաժեշտ է զգուշություն պահպանել:

Անդրադառնալով Հալեպի իրավիճակին` Ռեյիսյանը նշեց, որ բավական հանգիստ է, կրակոցները քչացել են: Արվարձաններում, սակայն, բախումները շարունակվում են:Թեպետ իրավիճակն ավելի հանգիստ է, սակայն մեծ դրական փոփոխություններ տեղի չեն ունենում, աշխատավայրերը շարունակում են փակ մնալ:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 29-ին Բեյրութից Հալեպ տանող ճանապարհին առեւանգված հայերին, ապա, Ռեյիսյանի տեղեկացմամբ, նրանց վերաբերյալ տեղեկություններ չկան: Առեւանգված յոթ հայերից միայն հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթներն են ազատ արձակվել, մյուսները դեռ գերության մեջ են:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 37 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում