Արամ Առաջինին ուղղված նամակում Հռոմի պապն ափսոսանք է հայտնել Կիլիկիո կաթողիկոսարան չայցելելու առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, նամակում Հռոմի պապն իր գոհունակությունն է հայտնել Լիբանան կատարած այցելությունից, սակայն նշել է,` ափսոսում է, որ «իր կամքից անկախ պատճառներով չի կարողացել հանդիպել Արամ Առաջինի հետ Կիլիկիո կաթողիկոսարանում` քննարկելու միջեկեղեցական հարաբերությունների հեռանկարները»: Բենեդիկտոս 16-րդն իր հարգանքն է արտահայտել Հայ եկեղեցու հանդեպ եւ Կիլիկիո կաթողիկոսին վստահեցրել, որ մոտ ապագայում դարձյալ հանդիպելու առիթ կունենան:

Արամ Առաջինը պատասխան նամակում հիշեցրել է Հայ եկեղեցու եւ Վատիկանի միջեւ պատմական կապերի մասին, հատկապես Կիլիկյան ժամանակաշրջանից սկսած եւ միչ օրս շարունակվող միջեկեղեցական սերտ գործակցությունը: Այնուհետեւ Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել է Միջին Արեւելքում քրիստոնյաների վիճակի, իրավունքների պաշտպանությանը` ընդգծելով, որ քրիստոնեական եկեղեցիները պետք է միասնաբար գտնեն ազդու միջոցներ քրիստոնյա եղբայրների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Արամ Առաջինը ողջունել է նաեւ Հռոմի պապի նախաձեռնությունը ավետարանչությանը նվիրված եպիսկոպոսների Սինոդի վերջին գումարումը, «մանավանդ երբ քրիստոնեական հավատքը, արժեքներն ու ավանդությունները ենթակա են վտանգման»: Կիլիկիո կաթողիկոսն առաջարկում է պապին նախաձեռնել Վատիկանի երորրդ ժողովի պատարստությունը: «Նման քայլն իր դրական հետեւանքները կունենա ուղղափառ եւ բողոքական եկեղեցիների կյանքում»,- իր նամակը եզրափակել է Արամ Առաջինը:

Հայերեն