2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի նախագահությամբ Վատիկանում ընթացող «Նոր ավետարանչություն քրիստոնեական հավատքի տարածման համար» խորագրով Եպիսկոպոսների համագումարի ժամանակ հնչել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիայի Հայոց կաթողիկոսարանից:
«Ավետարանչությունը կամ այլ կերպ ասած քրիստոնեական արժեքների ու սկզբունքների տարածումը եկեղեցու գոյության պատճառն է: Այն Քրիստոսի կողմից եկեղեցուն տրված պատգամն է: Հատկապես հոգևոր և բարոյական արժեքների անկում գրանցող ներկայիս կյանքում անհրաժեշտ է ընդառաջ գնալ այս պատգամին` քրիստոնեական առաքելությունն ու ավետարանչությունն առավել ազդեցիկ դարձնելու համար»,-ասվում է ուղերձում:
Արամ Ա-ն ընդգծել է, որ եկեղեցու ավետարանչական կոչումի ուժեղացումը ոչ միայն վերաբերում է կաթոլիկ եկեղեցուն, այլև ունի համաքրիստոնեական կարևորություն: «Բոլոր եկեղեցիները կոչված են, յուրաքանչյուրը տեղական պայմաններում, համապատասխան մոտեցմամբ հատուկ կարևորություն ընծայել հոգևոր և բարոյական արժեքների տարածման հարցում: Սա դյուրին առաքելություն չէ ներկայիս աշխարհում: Սակայն հակառակ ամեն ինչի` եկեղեցին պետք է հավատարիմ մնա իր կոչմանը»,- ասվում է Արամ Ա-ի ուղերձում: Բենեդիկտոոս 16-րդի ներկայությամբ այս ուղերձն ընթերցել է Կիլիկիո կաթողիկոսարանի ներկայացուցիչ Մասիս վարդապետ Զոպույանը` վերհափառ հայրապետին հղելով Արամ Ա-ի ողջյունները: